Լեւոն Ջուլֆալակյան. Հավաքականը լավ է պատրաստված աշխարհի առաջնությանը

20:55   1 սեպտեմբերի, 2015

Մեր նպատակը շատ օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է եւ բնականաբար պայքարելու ենք մեդալների համար։ Չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել, կանխատեսումներ անել, ամենակարեւորն այն է, որ թիմը լավ պատրաստված է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-10-ը Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքն է անցնկացնում Երեւանում։

«Հավաքականն անցել է նախատեսված բոլոր ուսումնամարզական հավաքները, բոլոր մրցաշարերը։ Գոհ եմ մեր մարզումներից եւ մրցաշարերից, բոլորն էլ լավ են մասնակցել։

Հունահռոմեականները մրցագորգ դուրս կգան սեպտեմբերի 6-10։ Խաղարկվելու է օլիմպիական վարկանիշ 6 քաշային կարգերում։ Մեր նպատակը շատ վարկանիշներ ձեռք բերելն է եւ բնականաբար պայքարելու ենք մեդալների համար։ Ամեն ինչ կախված է մրցագորգից, մրցումները ցույց կտան, թե ինչ արդյունքներ կունենանք, ինչ պայքար կտանեն մեր տղաները։ Նրանք լավ մարզավիճակում են, մնում է գորգի վրա կարողանան ցույց տալ իրենց բոլոր հնարավորությունները», ասաց Լեւոն Ջուլֆալակյանը։

66 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու ակնկալիք ունի։

«Երկու ուսումնամարզական հավաք եմ անցել, այս պահին գերազանց մարզավիճակում եմ, տրամադրված եմ մեդալի, նպատակս եւ ձգտումներս աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելն է։ Հավատում եմ, որ կկարողանամ օլիմպիական ուղեգիր ձեռք բերել, բայց նպատակս կոնկրետ աշխարհի չեմպիոն դառնալն է։ Այդպես ես ինձ կապահովեմ նաեւ օլիմպիական ուղեգրով».- ասաց Միհրան Հարությունյանը։

59 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը աշխարհի առաջնությունում կոնկրետ ակնկալիք չունի, ըստ նրա՝ ամեն ինչ ցույց կտա գորգը եւ պահը.

«Ես նույնպես գոհ եմ իմ մարզավիճակից, ծրագրված հավաքները շատ լավ են անցել։ Ինձ համար այս պահին կարեւորն այն է, որ վնասվածք չունեմ, լիովին ապաքինվել եմ Բաքվից հետո։ Առանց ակնկալիքի երբեք մրցաշարերի չեմ մեկնում։ Այս անգամ էլ ակնկալիքներ ունեմ, բայց ամեն ինչ ցույց կտա մրցագորգը, պահն է որոշում ամեն ինչ»։

Աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում օլիմպիական վարկանիշ չի խաղարկելու։ Այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վարշամ Բորանյանը։

«Իմ քաշային կարգը վարկանիշային չէ։ Բայց չեմ մտահոգվում։ Նախապատրաստվել եմ նույն ոգով, ունեմ լավ մարզավիճակ, տրամադրված եմ մեդալի։ Կարեւորը արդյունավետ մասնակցությունն է, ցանկանում եմ մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում»,- շեշտեց Վարշամ Բորոյանը։

Հայաստանը աշխարհի առաջնությում հանդես կգա ութ քաշային կարգերում՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (125 կգ):

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Շուշանիկ Հակոբյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։