Եվրո-2012. Շվեդիա – Անգլիա՝ 2:3

00:53   16 հունիսի, 2012

Անգլիայի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ում: Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կայացած խաղում Ռոյ Հոջսոնի թիմը 3:2 հաշվով առավելության հասավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ:

Առաջին խաղակեսում թիմերը մի քանի հարվածներ կատարեցին միմյանց դարպասների ուղղությամբ, ինչից հետո անգլիացիները բացեցին հանդիպման հաշիվը: 23-րդ րոպեին Ստիվեն Ջերարդի կատարած փոխանցումից հետո Էնդի Քերոլը գլխի հարվածով առաջ մղեց Անգլիայի թիմին: Առաջին խաղակեսն ավարտվեց անգլիացիների նվազագույն առավելությամբ:

Ընդմիջումից անմիջապես հետո շվեդները հավասարեցրին հաշիվը: Անգլիացի պաշտպան Գլեն Ջոնսոնը գրավեց սեփական դարպասը՝ խփելով Շվեդիայի թիմի պատասխան գնդակը: Այս գոլից 10 րոպե անց 34-ամյա պաշտպան Օլաֆ Մելբերգը եւս մեկ գնդակ ուղարկեց անգլիացիների դարպասը՝ առաջ մղելով Շվեդիայի հավաքականին: Րոպեներ անց փոխարինման մտած անգլիացի կիսապաշտպան Թեո Ուոլքոտը հավասարեցրեց հաշիվը, իսկ 78-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեկը խփեց Անգլիայի հավաքականի հաղթական գնդակը: Շվեդները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից:

Այս հաղթանակից հետո անգլիացները վաստակեցին չորս միավոր եւ հավասարվեցին D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորող Ֆրանսիայի հավաքականին: Ուկրաինացիներն ունեն երեք միավոր, իսկ Շվեդիայի հավաքականը միավորներ չի վաստակել:

Խմբային փուլի վերջին տուրում անգլիացիները կխաղան ուկրաինացիների հետ, իսկ Շվեդիայի հավաքականի մրցակիցը կլինի Ֆրանսիայի թիմը:  

Եվրո-2012, խմբային մրցաշար

D խումբ, երկրորդ տուր

Շվեդիա – Անգլիա՝ 2:3

Ջոնսոն, 49 (ինքնագոլ), Մելբերգ, 59,– Քերոլ, 23, Ուոլքոտ, 64, Ուելբեկ, 78



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։