Արեգ Վաթյան. Խնդիր էինք դրել հաղթահարել ընտրական փուլի արգելքը, այլապես իմաստ չկար մեկնել Լատվիա

10:41   4 օգոստոսի, 2015

3x3 բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանն ամփոփել է Լատվիայի մայրաքաղաքում Ռիգայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արդյունքը:

Հայաստանը 9 հավաքականների պայքարում գրավել է 4-րդ տեղը եւ իրավունք է ստացել մասնակցել եզրափակիչ փուլին:

«Ընտրական փուլում պայքարը շատ թեժ է: Մասնակցում էին միայն բասկետբոլում լավ ավանդույթներ ունեցող երկրները: Հաշվի առնելով այս ամենը, մենք ուսումնամարզական հավաք էինք կազմակերպել Մոսկվայում, որի ընթացքում անցկացրել էինք մի շարք ստուգողական հանդիպումներ: Դրանից հետո մեկնեցինք Ռիգա:

Մեր առջեւ խնդիր էինք դրել հաղթահարել ընտրական փուլի արգելքը, այլապես իմաստ չկար մեկնել Լատվիա: Խնդիրը հաջողությամբ իրագործվեց եւ մենք եզրափակիչ փուլում ենք, ինչը շատ լավ արդյունք է: Թիմային մարզաձեւում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը Հայաստանի համար փայլուն արդյունք եմ համարում: 

Մենք դարձյալ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Մոսկվայում, ապա կմեկնենք Մինսկ: Կփորձենք պատվով հանդես գալ եզրափակիչ փուլում, որտեղ մեզ շատ ուժեղ մրցակիցներ են սպասվում»,- հավաքականի գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 21-ից 23-ը Բելառուսում կկայանա եզրափակիչ փուլը, որին կմասնակցի 16 թիմ:

Ֆոտո՝ ՀԲՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։