«Փյունիկ» - «Ալաշկերտ». Սարգիս Հովսեփյանի եւ Աբրահամ Խաշմանյանի ամփոփումը

21:42   1 օգոստոսի, 2015

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ մեկնարկեց Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում: Խաղից հետո «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ամփոփեց հանդիպումը:

«Փյունիկը» նորմալ խաղում էր, սակայն սխալ թույլ տվեցինք, միայն դրանից հետո խաղը փոխվեց, անփույթ խաղացինք: Ուշադրության խնդիր ունենք: Ուշադիր չեն, մեկը մյուսին չի լսում, չեն խոսում եւ չեն լսում:  Միայն Ռոմերոյի բացակայությունը չէ, որ զգալ է տալիս թիմում: Չեմ կարող ասել, թե ինչքանով է թիմի սելեկցիան հաջողվել: Հիմա մրցաշրջանի առաջին խաղն է դեռ: Եթե լավ, բարձրակարգ հարձակվող ունենայինք, լավ կլիներ:

Վարդան Պողոսյանի վիճակը նորմալ է, բայց վնասվածք ունի, նոր է վերականգնվում: Դեռ 100 տոկոս պատրաստ չէ»,- նշեց Սարգիս Հովսեփյանը::

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը թիմի հաղթաթուղթը համարում է կազմակերպված եւ թիմային խաղը:

«Մրցաշրջանի առաջին խաղն էր: Հանդիպել էին հավասար հնարավորությունների տեր թիմեր: Երկուս էլ ունեին գոլային լավ պահեր: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ լավ խաղ էր: Բնական է, որ բաց թողած գոլը հոգեբանական նշանակություն ունի: Կարեւորն այն է, որ  ընդունած գնդակից հետո թիմը հավաքվում եւ գոլ է խփում:

Մենք հաշվի ենք առնում՝ ում հետ ենք խաղում: Ունենք  3-4 լավ հարձակվող: Թիմում առողջ մրցակցություն կա, որը որակ է ապահովում: Մեր հաղթաթուղթը կազմակերպված եւ թիմային խաղն է: Սա առաջին խաղն էր: Ամեն ինչ առջեւում է, ոչ մի հեռանկարային ծրագրեր չեմ դնում»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» կամային հաղթանակ է տարել բրազիլացի հարձակվող Հեբերի դուբլի շնորհիվ՝ 2:1: Հաշիվը բացել էր «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։