Երեւանյան կիսամարաթոն. Նախարարն ընդունել է ՄՎՄՖ նախագահության անդամին

21:39   31 հուլիսի, 2015

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է մարաթոնյան վազքի միջազգային ֆեդերացիայի (ՄՎՄՖ) նախագահության խորհրդի անդամ Բրունո Բակոբզային, որը Հայաստանում է գտնվում ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ին Երեւանում միջազգային մարաթոնյան վազքի անցկացման աշխատանքները կազմակերպելու համար:

Նախարարը հավաստիացրել, որ թե́ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, թե́ Երեւանի քաղաքապետարանի եւ թե́ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան կանեն առավելագույնը երեւանյան մարաթոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

«Հոկտեմբերի 3-ին կայանալիք վազքը կիսամարաթոն է` 21,1 կմ երկարությամբ, որն անցնելու է Երեւանի փողոցներով, ինչը իրավամբ ֆիզկուլտուրայի եւ սպորտի ամենամասսայական քարոզչության ձեւերից մեկը կարելի է համարել»,- նշել է նախարարը:

Գաբրիել Ղազարյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հյուրին ուղեկցող Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին` վազքի կազմակերպման ուղղությամբ նրա կողմից իրականացված մեծ աշխատանքի համար:

Բրունո Բակոբզան անձամբ ուսումնասիրել է վազքուղին, որի ասֆալտածածկը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հյուրը նաեւ տեղեկացրել է, որ ակնկալվում է շուրջ մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը երեւանյան վազքին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։