Վարուժան Սուքիասյան. Պայքարելու ենք բարձր տեղերի համար

17:12   31 հուլիսի, 2015

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է Կրիմսկում կայացած ուսումնամարզական հավաքի, «Կրասնոդարի» հետ ստուգողական հանդիպման եւ նոր մրցաշրջանում թիմի նպատակների մասին: 

Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս անցավ ռուսաստանյան ուսումնամարզական հավաքը:

Կարելի է ասել, որ հավաքը ծառայեց իր նպատակին: Պետք է փորձարկեինք նոր ֆուտբոլիստների եւ կողմնորոշվեինք օպտիմալ կազմի հարցում, ինչը մեզ մեծամասամբ հաջողվեց: Ծանրաբեռնված մարզումներ էինք անցկացնում եւ գտնում եմ, որ տղաները լավ աշխատեցին:

Առաջին ստուգողական խաղում հանդիպեցիք Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարին»:

«Կրասնոդարի» հետ խաղը շատ կարեւոր էր: Ցանկանում էինք հասկանալ մեր հնարավորությունները: Ճիշտ է, հանդիպումը անցավ ռուսական թիմի առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստներն աչքի ընկան նվիրվածությամբ եւ խաղային կարգապահությամբ: Պարտվեցինք նվազագույն հաշվով, սակայն կարող էինք ինչպես եւս 1-2 գոլ բաց թողնել, այնպես էլ` հավասարեցնել հաշիվը խաղավերջում: Մրցավարը չարձանագրեց Գեւորգ Նռանյանի մաքուր գոլը:

Մյուս երկու խաղերում մեկական հաղթանակ եւ պարտություն գրանցվեց: Մրցավարությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր:

Հավաքը անցնում էր Կրիմսկում, սակայն «Արարատը» երկու հանդիպում անցկացրեց «Կրասնոդարի» մարզաբազայում: Ի՞նչ տպավորություն թողեցին այդ մարզական կառույցները:

Կրիմսկում մի քանի խաղադաշտեր կային, մարզումների համար լավ պայմաններ էին ստեղծված: Ինչ վերաբերում է «Կրասնոդարի» մարզաբազային, ապա այն պարզապես հիանալի էր: Մարզաբազային կից գործում էր ակումբի ակադեմիան: Շատ բարձր մակարդակի մարզակառույց էր, որում մարզվելն ու խաղալը շատ հաճելի էր:

Նորեկները արդարացրեցի՞ն սպասելիքները:

Ջուլիանոյի, Գեւորգ Նռանյանի եւ Նորայր Գրիգորյանի հետ նախկինում աշխատել եմ: Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են եւ օգուտ կտան մեր թիմին: Վատ տպավորություն չթողեցին Գեւորգ Պրազյանը, Սարգիս Կարապետյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Զավեն Բուլուտը: Իսկ իսպանացի կիսապաշտպան Կասաբելյան չարդարացրեց սպասելիքները: Հրաժարվել ենք բրազիլացի հարձակվողի ծառայություններից:

Ի՞նչ նպատակներ են դրվելու «Արարատի» առջեւ:

Գալիք մրցաշրջանում պայքարելու ենք բարձր տեղերի համար, իսկ մոտ ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել արդեն եվրոպական ակումբային մրցաշարերում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։