Օզբիլիս. Անպայման կվերադառնամ նախկին մարզավիճակիս եւ կդառնամ ավելի ուժեղ

11:48   3 հուլիսի, 2015

Ծանր վնասվածքից հետո վերականգնվելը շատ ավելի բարդ է, քան մարզվելն ու խաղալը, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց թողեց անցած մրցաշրջանը եւ խաղադաշտ վերադարձավ միայն մայիսին:

Ֆուտբոլիստն անդրադարձել է նաեւ «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ տարաձայնություններին եւ իր սկանդալային հարցազրույցին: Օզբիլիսը արմատներով թուրք շվեյցարացի մարզիչին մեղադրել էր ազգային հողի վրա իրեն վատ վերաբերվելու մեջ:

«Հասկանում եմ, որ տհաճ պատմություն ստացվեց երկուսիս համար էլ: Գիտակցում եմ, որ հարցազրույցում մարզիչին քննադատելը լավ արարք չէր իմ կողմից: Բայց երբ երիտասարդ ենք, տարբեր իրավիճակներց փորձ ենք քաղում: Հիմա ոչինչ փոխել հնարավոր չէ:

Դա տեղի ունեցավ, քանի որ ես չէի զգում ինձ թիմի մաս, չէի տեսնում, որ ինձ հետ հույսեր են կապում: Այդ պահին ինձ համար շատ կարեւոր էր այդ ամենը: Ամեն դեպքում, վերադարձիցս հետո, երբ «Ամկարի» հետ 20 րոպե խաղացի, շնորհակալություն հայտնեցի Յակինին:

Անցած մրցաշրջանը ծանր էր ինձ: Բայց ես մշտական աջակցություն էի ստանում ընտանիքիցս եւ ակումբից: Ծանր վնասվածքից հետո վերականգնվելը շատ ավելի բարդ է, քան մարզվելն ու խաղալը: Անպայման կվերադառնամ նախկին մարզավիճակիս եւ կդառնամ ավելի ուժեղ: Կարոտել եմ ֆուտբոլը»,- Արաս Օզբիլիսի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Արաս Օզբիլիսն այժմ «Սպարտակի» հետ մասնակցում է մարզումային հավաքի Շվեյցարիայում: Մոսկովյան թիմը Ռուսաստանի առաջնության առաջին տուրում հուլիսի 17-ին կընդունի «Ուֆային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։