Ռոման Բերեզովսկի. Ավարտում եմ կարիերաս ազգային հավաքականում

21:03   2 հուլիսի, 2015

Որոշել եմ ավարտել խաղացողի կարիերաս, հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

«Խոստովանում եմ, որ ամեն ինչ տեղի ունեցավ շատ անսպասելի։ Ես ծրագրում էի շարունակել խաղալ, սակայն պորտուգալացիների դեմ Հայաստանի հավաքականի խաղից հետո փոխեցի ծրագրերս։

Նախկինում էլ կային այդպիսի մտքեր, սակայն Պորտուգալիայի հետ հանդիպումը մտածելու մեծ նյութ տվեց։ Ցավոք, մեր ազգային հավաքականը վերջին շրջանում ցուցադրում է թույլ արդյունքներ։ Մեղքի մեծ մասը համարում եմ իմը, քանի որ շատ հանդիպումների ընթացքում մենք բաց էինք թողնում խաղի թելը եւ կորցնում կարեւորագույն միավորներ։ Եթե դարպասապահի դիրքը զբաղեցնի մեկ ուրիշը, հնարավոր է՝ հավաքականի համար ավելի լավ լինի։

Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ։ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ հանդես ենք եկել «Զենիթում», իրար լավ ենք ճանաչում։ Երկար ենք խոսել, բայց Սարգիսը հույս ուներ, որ ես դեռ կկարողանամ օգնել հավաքականին։ Ես էլ չէի ցանկանում հրաժեշտ տալ ազգային թիմին, որը վաղուց հարազատ է դարձել։ Ես հավաքականում հանդես էի գալիս 19 տարի, միշտ զգացել եմ երկրպագուների, մարզիչների եւ թիմակիցների ջերմ վերաբերմունքը։ Վստահ եմ, որ որեւէ ձեւ կշարունակենք համագործակցությունը»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է պետերբուրգյան nvspb-ն։

Ռոման Բերեզովսկին այժմ աշխատում է «Դինամոյի» երիտասարդական կազմի մարզչական շտաբում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։