Եվրոպայի լիգա. «Սեւիլիան» պաշտպանեց տիտղոսը եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր (ֆոտոշարք)

00:38   28 մայիսի, 2015

Իսպանական «Սեւիլիան» երկրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած եզրափակիչում իսպանացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան մրցաշարի գլխավոր սենսացիան մատուցած ուկրաինական «Դնեպրի» նկատմամբ:

Առաջին խաղակեսն անցավ չափազանց հետաքրքիր պայքարում եւ ավարտվեց 2:2 հաշվով: Հաշիվը սկզբնամասում բացեցին ուկրաինացիները, սակայն առաջին խաղակեսի միջնամասում «Սեւիլիան» 3 րոպեում խփեց 2 գոլ: Ընդմիջումից մեկ րոպե առաջ «Դնեպրը» հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում գրանցվեց դարպասի մեկ գրավում: Սեւիլիացիների հաղթական գոլը 73-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Կարլոս Բական, ով դարձավ դուբլի հեղինակ:

Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Սեւիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգան:

Մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ ավստրիական «Զալցբուրգի» ֆուտբոլիստ Ալանը եւ անգլիական «Լիվերպուլի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ովքեր խփել են 8-ական գոլ: Կարլոս Բական ու «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինն աչքի են ընկել 7-ական անգամ:

«Սեւիլիան» դարձավ առաջին թիմը, որը ռեկորդային չորրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: 2006-ին եւ 2007-ին իսպանական ակումբը դարձել էր ՈւԵՖԱ-ի գավաթակիր, իսկ նախորդ տարի նվաճել էր Եվրոպայի լիգայի չեմպիոնական տիտղոսը:

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի լիգայի հաղթողն առաջին անգամ նվաճելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Ավելի վաղ հայտնի էին դարձել Չեմպիոնների լիգայի 2015/16թթ. մրցաշարի խմբային փուլի բոլոր այն 21 մասնակիցները, որոնք ուղեգիր են նվաճել ազգային առաջնություններից: Այսպիսով, Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարում Իսպանիան կունենա 5 ներկայացուցիչ՝ կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» եւ «Աթլետիկոն» ու «Վալենսիան», որը պայքարը սկսելու է որակավորման փուլից:

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Դնեպր» (Ուկրաինա) – «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:3

Նիկոլա Կալինիչ, 7, Ռուսլան Ռոտան, 44 - Գժեգոժ Կրիհովյակ, 28, Կարլոս Բակա, 31, 73

«Դնեպր». Դենիս Բոյկո, Դուգլաս, Արտյոմ Ֆեդեցկի, Ջաբա Կանկավա (Եվգենի Շկախով, 85), Լեոնարդու, Եվգենի Չեբերյանկո, Վալերի Ֆեդորչուկ (Ռոման Բեզուս, 68), Ռուսլան Ռոտան, Եվգենի Կոնոպլյանկա, Նիկոլա Կալինիչ (Եվգենի Սելեզնյով, 78), Մատեուս:

«Սեւիլիա». Սերխիո Ռիկո, Բենուա Տրեմուլանաս, Դանիել Կարիսու, Տիմոտե Կոլոձեյչակ, Գժեգոժ Կրիհովյակ, Էվեր Բանեգա (Վիսենտե Իբորա, 87), Վիտոլո, Ալեքս Վիդալ, Ստեֆան Մ՛Բիա, Խոսե Անտոնիո Ռեյես (Կոկե, 58), Կարլոս Բակա (Կեւին Գեմեյրո, 82):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։