Բաքու մեկնող բոլոր հայ մարզիկները. Ոսկե մեդալակիրը կստանա 50 հազար դոլար

16:05   26 մայիսի, 2015

Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերում ոսկե մեդալ նվաճած հայ մարզիկները կստանան 50 հազար դոլար: Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Բաքվի Խաղերի ոսկե մեդալակիրը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կստանա 50 հազար դոլար, արծաթե մեդալակիրը՝ 30 հազար դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 20 հազար դոլար: Բաքվում Հայաստանի պատվիրակությունը կլինի 53 հոգանոց կազմով: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բաքու չի մեկնի: Ըմբիշ Միհրան Հարությունյանը չկար նախնական ցուցակում, սակայն նա Հայաստանի Օլիմպիական կազմի լիիրավ անդամ է եւ ցանկություն է հայտնել մեկնել Բաքու: Ինչ վերաբերում է աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին եւ Արսեն Ջուլֆալակյանին, ապա նրանց հարցրեք, թե ինչու չեն մասնակցելու մրցմանը: Ես հպարտ կլինեի, որ նրանք մասնակցեին:

Մրցավարությանն առանձին ուղղվածություն է: Մենք ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր բարձրացրել ենք նաեւ մրցավարության արդարության հարցը: Իմ խորին համոզմամբ, մրցավարական անարդարություններ չեն լինի: Մեզ խոստացել են, որ ամեն ինչ անելու են մարդկային գործոնով պայմանավորված դիտավորյալ կողմնապահությունից խուսափելու համար: Մենք էլ կհետեւենք, որպեսզի կարողանանք խուսափել»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանը Եվրոպական խաղերին մասնակցելու է 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճի): Բաքու մեկնող 25 հայ մարզիկների թվում են՝ Արման Երեմյանը (թաեքվոնդո) Հրաչիկ Բաբայանը, Նորայր Առաքելյանը (երկուսն էլ՝ հրաձգություն), Տիգրան Կիրակոսյանը, Աշոտ Դանիելյանը, Սոսե Բալասանյանը (բոլորը՝ սամբո), Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը, Ժաննա Ստանկեւիչը (բոլորը՝ ձյուդո), Արտյոմ Ալեքսանյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Սամվել Բարսեղյանը, Հովհաննես Բաչկովը, Նիկոլ Արությունովը (բոլորը՝ բռնցքամարտ), Գարիկ Բարսեղյանը, Դավիթ Սաֆարյանը, Մուսա Մուրտազալիեւը, Լեւան Բերանիձեն, Գրիգոր Գրիգորյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը (ազատ ոճի ըմբշամարտ) եւ Ռոման Ամոյանը, Կարապետ Չալյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ):

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։