Էդգար Մանուչարյանը՝ Պույոլի հետ բախումից սկսված սեւ շրջանի մասին

12:41   22 մայիսի, 2015

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը պատմել է Ամստերդամի «Այաքսում» (2004-2009) իր հիշարժան պահերի մասին:

«Տեղափոխությունս «Այաքս» շատ կարեւոր քայլ էր իմ կարիերայում: Ես արագ հարմարվեցի Ամստերդամի կյանքին, հոլանդական առաջնությանը: Շատ օգնեց անգլերենի իմացությունը, հեշտ էր ընդհանուր լեզու գտնել մարզիչի եւ թիմակիցների հետ:

Շատ քիչ եմ աշխատել Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ: Բայց հենց նա նկատեց ինձ «Այաքսի» երկրորդ թիմում եւ տեղափոխեց գլխավոր թիմ: Նա հավանում էր իմ մոտեցումը մազրումներին եւ խաղին: Կումանը ընդգրկեց ինձ մեկնարկային կազմում «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպմանը, որի ժամանակ վնասվածք ստացա Պույոլի հետ բախվելու հետեւանքով: Տեւական ժամանակ բուժվում էի, իսկ վերադառնալուց հետո Կումանն արդեն չէր աշխատում «Այաքսում»: Պույոլից նեղացած չեմ, քանի որ գիտեմ՝ դիտավորյալ չէր, խաղային դրվագ էր: Ֆուտբոլն այնպիսի մարզաձեւ է, որ հաճախ ես ստիպված լինում մտնել մենապայքարի մեջ:

Բազմաթիվ վնասվածքների պատճառով «Այաքսում» լիարժեք դրսեւորվել չստացվեց: Հիշարժան էր նորամուտս Չեմպիոնների լիգայում: Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում դուրս եկա փոխարինման: 18 տարեկանում այդպիսի հանդիպում՝ հույզերը շատ էին»,- Մանուչարյանի խոսքը փոխանցում է eurofootball-ը:

Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանն այժմ վնասվածք ունի եւ կկարողանա վերսկսել մարզումները միայն մեկ ամիս հետո։ Նա բաց կթողնի հունիսի 13-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։