Ռաֆայել Վահանյան. Հայաստանում շախմատը շատ է զարգացել, նախկինում այդպես չի եղել

18:52   13 մայիսի, 2015

Ես չդարձա աշխարհի չեմպիոն, բայց մեր հավաքականի շախմատիստները մեզ այդ ուրախությունը պարգեւեցին, երեք անգամ էլ մեզ հնարավորություն տվեցին ապրել համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն դառնալու բերկրանքը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանը:  Մայիսի 13-ին Պոլիտեխնիկական համալսարանում կայացավ հանդիպում գրոսմայտերի հետ: Ներկա էին նաեւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Պոլիտեխնիկական համալսարանի շախմատային թիմի ներկայացուցիչները, համալսարանի դասախոսներ, շախմատասերներ:

Առիթը ապրիլին Դոնի Ռոստովում կայացած «Վահանյանի Գավաթ» շախմատի միջազգային ուսանողական թիմային մրցաշարն էր՝ Ռուսաստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի 10  բուհերի հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի հավաքականում ընդգրկված են եղել նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շախմատի թիմի ներկայացուցիչները:

«Արտակարգ բարձր մակարդակով կազմակերպվեց եւ անցկացվեց «Վահանյանի գավաթ» երկրորդ մրցաշարը: Դոնի Ռոստովում մեծ հետաքրքրություն կար մրցաշարի նկատմամբ:

Երբ Երեւանում առաջին անգամ անցկացվեց «Վանանյանի գավաթը», մասնակիցների շարքում էին նաեւ Դոնի Ռոստովի համալսարանների ուսանողներ, այդ թվում եւ Շինարարական համալսարանի ուսանողները: Այդ համալսարանի ռեկտորի առաջարկով երկրորդ մրցաշարը կազմակերպվեց եւ անցկացվեց Դոնի Ռստովում: Որոշված է երրորդ մրցաշարը կազմակերպել Վլադիվոստոկում»,- ասաց Ռաֆայել Վահանյանը:

Գրոսմայստերն անդրադարձավ նաեւ Հայաստանում շախմատի զարգացմանը, հայ շախմատիստների հաջողություններին.

«Աշխարհի չեմպիոն չդարձա, բայց չեմ համարում այն անկատար երազանք: Ես իմ կյանքի ընթացքում որքան հնարավոր է պայքարեցի, բայց չստացվեց: Այդ ժամանակ Անատոլի Կարպովն ավելի ուժեղ գտնվեց, քան ես: Ես էլ էի հաղթում Կարպովին, բայց աշխարհի առաջնությունում նրա մոտ խաղն ավելի լավ ստացվեց, նա ավելի լավ պարտիաներ ունեցավ:

Այժմ հետեւում եմ Հայաստանի հավաքականի մրցելույթներին: Աշխարհում շախմատը արագ տեմպերով է զարգանում, մասնավորապես, մեծ զարգացում ունի համակարգչային շախմատը: Այս տեմպի մեջ մեծ քայլերով շախմատը զարգանում է նաեւ Հայաստանում: Հայաստանն իրոք շախմատային երկիր է: Համեմատելով մյուս երկրների հետ ինձ շատ են ուրախացնում մեր շախմատիստների մեծ հաջողությունները: Հայաստանում շախմատը շատ է առաջ գնացել ու զարգացել, նախկինում այդպես չի եղել»:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։