Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն ընդգծված հետնապահն է

09:06   28 ապրիլի, 2015

Ծաղկաձորում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 28-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը:

Չեմպիոնության շանսից զրկված Հայաստանի հավաքականը կհանդիպի ընդգծված հետնապահ եգիպտացիներին, որոնք 8 տուրերում կրել են 7 պարտություն եւ, ոչ ոքի խաղալով Իսրայելի հետ, հավաքել են թիմային մեկ միավոր: Առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա հայ գրոսմայստերները կխաղան սպիտակներով եւ մրցամարտում հաղթելու դեպքում կապահովեն բրոնզե մեդալ: Վերջին տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 11:00-ին:

Վերջին տուրից առաջ Հայաստանն 9 միավորով երրորդ տեղում է եւ առաջատար Չինաստանին զիջում է 4 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող ուկրաինացիներին՝ 2: Աշխարհի գործող չեմպիոն ռուսները 7-րդ տուրում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո զրկվել էին տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից եւ վաստակած 8 միավորով պայքարում են բրոնզե մեդալի համար:

Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում կխաղա Հնդկաստանի թիմի հետ, սակայն հաղթանակի դեպքում լավագույնը կարող է հավակնել չորրորդ տեղի:

Աշխարհի առաջնություն9-րդ տուր 

Հայաստան – Եգիպտոս

Հունգարիա – Ուկրաինա

Չինաստան – Հնդկաստան

ԱՄՆ – Կուբա

Ռուսաստան – Իսրայել

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։