ՖԻԴԵ-ն շախմատը ձմեռային Օլիմպիական խաղերում ընդգրկելու հայտ կներկայացնի

23:48   20 ապրիլի, 2015

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Սոչիում հայտարարել է, որ կազմակերպությունը հայտ է ներկայացնում Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ շախմատը ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ներառելու մասին։

«Այդ թեմայով զրուցել եմ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ եւ պայմանավորվել ենք հունիսի 19-ին Լոզանում հանդիպելու մասին։ Մեր նախաձեռնությունը ստացել է ավելի քան 100 ազգային օլիմպիական կոմիտեների հավանությունը։ Անցած տարի այցելել եմ 108 երկիր։ Բանակցել եմ օլիմպիական կոմիտեների նախագահների եւ սպորտի նախարարների հետ։

Ձմեռային օլիմպիական խաղերի մրցումային օրերը բաժանվում են երկու մասի՝ առավոտյան եւ երեկոյան։ Առավոտյան ծրագիրն ավարտվում է 15։00-ին, իսկ երեկոյանը սկսվում է 19։00-ին։ Շախմատին կարելի է հատկացնել այդ արանքում ընկած ժամանակը։ Հատուկ մարզական կառույցների անհրաժեշտություն էլ չկա։ Բացի այդ, շատ երկրներ ներկայացված չեն ձմեռային մարզաձեւերում»,- Կիրսան Իլյումժինովի խոսքը մեջբերում է allsportinfo.ru-ն։

2014-ին ՄՕԿ-ը դադարեցրել էր շախմատը օլիմպիական մարզաձեւ դարձնելու քննարկումը, քանի որ կանոնադրությամբ՝ ձմեռային Խաղերի ծրագրում ներառված մարզաձեւի մրցումը պետք է անցկացվի ձյան կամ սառույցի վրա։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։