Խորվաթիայի թիմի բժիշկը Մոդրիչի վնասվածքի համար մեղադրել է Անչելոտիին

18:25   20 ապրիլի, 2015

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի բժիշկ Բորիս Նեմեցը կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վնասվածքի համար մեղադրել է Մադիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Արքայական թիմի խորվաթ ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի վեց շաբաթ, հաղորդում է Goal.com-ը։

«Անչելոտին չխնայեց Լուկային, երբ նա վնասվածքից հետո վերադարձավ ընդհանուր խումբ։ Մոդրիչն ամեն խաղում 90 րոպե էր անցկացնում։ Անչելոտին նրան ենթարկեց հսկայական ճնշման։ Անհրաժեշտ էր աստիճանաբար մեծացնել նրա խաղաժամանակը։ Մոդրիչը հարվածի պատճառով չստացավ այս վնասվածքը։ Նա հարյուր տոկոս պատրաստ չէր։ Եթե նա մշտական ծանրաբեռնվածության տակ չլիներ, նրա ոտքը կայուն կմնար եւ ծնկահոդի կապերը անվնաս կմնային»,- ասել է Բորիս Նեմեցը։

«Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր «Մալագայի» դեմ Պրիմերայի 32-րդ տուրի խաղում։ Այդ բնույթի վնասվածքը սովորաբար բուժվում է վեց շաբաթում, սակայն Արքայական ակումբի բժիշկները հույս ունեն, որ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա 3-4 շաբաթից եւ պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին, եթե, իհարկե, Կարլո Անչելոտիի թիմը հաղթահարի Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։