Սմբատ Լպուտյան. Հայաստանի հավաքականի տրամադրվածությունը մարտական է

21:22   18 ապրիլի, 2015

Հայաստանի հավաքականի տրամադրվածությունը մարտական է, կցանկանայի, որ առաջնությունը լիներ շատ ստեղծագործական, որպեսզի շախմատասերը տեսնի եւ հաճույք ստանա պարտիաներից, ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանը Ծաղկաձորից։

«Նմանատիպ մրցաշարերը յուրաքանչյուր երկրի համար շատ կարեւոր են, քանի որ աշխարհի շախմատի թիմային առաջնությունը իր հզորությամբ երկրորդն է Օլիմպիադայից հետո: Խաղում են աշխարհի տասը ուժեղագույն թիմերը, որոնք ընտրվում են Օլիմպիդայից եւ մայրցամաքներում չեմպիոններ լինելով: Այդ պատճառով էլ ամենուժեղ թիմերն են իրավունք ձեռք բերում մասնակցել աշխարհի շախմատի թիմային առաջնությանը: Այս ուժեղագույն թիմերի ժամանումը մրցավայր՝ տվյալ դեպքում Հայաստան, չի կարող չանդրադառնալ այդ երկրում շախմատի զարգացմանը կամ ճանաչմանը, էլ չեմ ասում թե նման միջոցառումներ հյուրընկալելով երկիրը որքան ճանաչելի է դառնում, ինչքան շախմատասեր է այցելում մրցավայր: Նույնն էլ՝ այս առաջնությանը մեծ թվով հյուրեր ունենք, շախմատասերներ: Արել ենք ամեն ինչ, որպեսզի թե թիմերի անդամները, հյուրերը իրենց այստեղ շատ լավ զգան, ամեն պայման ստեղծել ենք, որ լավ լինի:

Հայաստանի հավաքականը մեծ շանսեր ունի այս առաջնությունում: Հավաքականի տղաները բավական լավ են տրամադրված: Բնական է՝ կան շատ ուժեղ թիմեր՝ Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան: Բայց տղաների տրամադրությունը շատ լավն է: Ես նրանց մեջ տեսնում եմ բավական մեծ էներգիա, որը շատ կարեւոր է շախմատիստի համար: Մեկ-երկու խաղից հետո նոր ավելի վստահ կարող ենք խոսել, թե ինչ մարզավիճակում են մեր տղաները: Կարեւորը տրամադրվածությունը մարտական է: Կցանկանայի, որ մրցաշարն անցներ բարի մթնոլորտում, հաղթի ուժեղագույնը: Կուզեի, որ Հայաստանը հաղթի, միշտ բոլորս էլ դա ենք ցանկանում, բայց թող հաղթի ուժեղագույնը»,- ասաց Սմբատ Լպուտյանը։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իսրայելի թիմը, Ուկրաինան կհանդիպի ռուսների հետ։ Մյուս զույգերն են՝ Եգիպտոս – Հնդկաստան, Կուբա – Հունգարիա, Չինաստան – ԱՄՆ։ Ամերիկացիների կազմում հանդես կգա նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: 

Ապրիլի 19-ին կայանալիք առաջին տուրը կմեկնարկի ժամը 15:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։