Եվրո-2016. Ալբանիան CAS-ին կոչ է անում 3 միավոր շնորհել իր հավաքականին

15:52   10 ապրիլի, 2015

Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ԱՖՖ) հույս է հայտնել, որ Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) ապրիլի 17-ին Լոզանում կայանալիք նիստում կընդունի արդար որոշում եւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Սերբիաի հետ անավարտ մնացած հանդիպման համար 3 միավոր կշնորհի Ալբանիայի հավաքականին:

ԱՖՖ-ն հայտարարությունը տարածել է Չեռնոգորիա - Ռուսաստան խաղում Չեռնոգորիային 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցելու որոշման կապակցությամբ:

«ՈւԵՖԱ-ն ճիշտ որոշում է ընդունել Չեռնոգորիա - Ռուսաստան հանդիպման վերաբերյալ: Բայց ՈւԵՖԱ-ն նույն չափանիշը չկիրառեց Սերբիա - Ալբանիա խաղի մասին որոշում ընդունելիս: Սերբ երկրպագուները աթոռներ եւ հրանյութեր էին նետում մեր ֆուտբոլիստների վրա, ոստիկանների ներկայությամբ 5 հազար մարդ ներխուժեց խաղադաշտ: Այդ ամենը փաստում է, որ ընդունող կողմը խախտել էր հանդիպման կազմակերպումը: ԱՖՖ-ն ունի արդար որոշման հույս»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականներին գրանցվել էր պարտություն Բելգրադում կայացած հանդիպման միջադեպի պատճառով: Հոկտեմբերի 14-ին կայացած Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա - Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին խաղադաշտի վրա թռչող սարքի միջոցով հայտնված Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշի պատճառով: Երկու թիմերի միջեւ սկսվել էր ծեծկռտուք:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։