Դավիթ Խիթարյան. Ոչ մեկի ստիպողաբար չենք տանի Բաքու

14:40   9 ապրիլի, 2015

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ ձյուդոիստներից կմասնակցեն այն 5 մարզիկները, ովքեր հոգեբանորեն պատրաստ կլինեն դիմակայել այնտեղի ճնշող մրցաշարին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը։

Ապրիլի 4-5-ը Աթենքում կայացած Եվրոպայի գավաթի երիտասարդական խաղարկությունից հայ ձյուդոիստները վերադարձել են մեկ բրոնզե մեդալով, որը նվաճել է մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Վահագն Հովսեփյանը:

«Աթենքի Եվրոպայի Գավաթով սկսվում է երիտասարդական հավաքականի մրցումային շրջանը։ Մասնակցել ենք Հայաստանի չեմպիոնների մակարդակով, 6 մարզիկներով։ Մեր առաջատարներից չէր մասնակցում միայն 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, ում մենք ազատել էինք Հայաստանի առաջնությունից, քանի որ նա նաեւ մեծահասակների Հայաստանի չեմպիոնն է։

Թիմը լավ մասնակցություն է ունեցել՝ չնայած, որ վերադարձել ենք ընդամենը մեկ բրոնզե մեդալով։ Երկու մարզիկ հասան մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն պարտվեցին եւ բավարարվեցին 5-րդ տեղերով։ Բրոնզե մեդալ նվաճած  Վահանգն Հովսեփյանը նախորդ տարվա Եվրոպայի Գավաթի մրցանակակիր էր, իսկ աշխարհի առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը: Երիտասարդների մասնակցությունից գոհ ենք»,- ասաց Դավիթ Խիթարյանը։

Հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին հայ ձյուդոիստների մասնակցության մասին Դավիթ Խիթարյանը նշեց, որ Ադրբեջանի մայրաքաղաք են մեկնելու այն մարզիկները, ովքեր հոգեբանորեն պատրաստ կլինեն.

«Հոգեբանների դերը տանելու են մարզիչները, քանի որ նրանցից ավելի ոչ ոք չի ճանաչում իր մարզիկին: Չեմ կարծում, որ Խաղերի կրակը կվառի մի մարդ, ով մարդասպան է: Սա սուտ լուր է եւ հենց այդ լուրերն են մեզ համար ճնշող մթնոլորտ ստեղծելու։ Մարզիկներից ոչ մեկին ստիպողաբար չենք տանելու մրցումների: Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի կողմից պատժամիջոցներ չեն լինի, եթե մենք չմասնակցենք այդ մրցմանը: Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ համաձայն եմ մասնակցելուն»,- ասաց Դավիթ Խիթարյանը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։