Համառուսաստանյան ու Եվրոպական ֆեդերացիաների նախագահը դատապարտել է ադրբեջանցի սամբիստին

16:40   1 ապրիլի, 2015

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը բողոք ներկայացրել է  Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության «Խառլամպիեւի հուշամրցաշարում» հաղթող հռչակված Աշոտ Դանիելյանի պատվին հնչած Հայաստանի օրհներգի ժամանակ երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի անհարգալից վարքի վերաբերյալ։ Բողոքը հղվել է Սիրողական սամբոյի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներ, մրցաշարի կազմկոմիտե, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Եվրոպական սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված, Ռուսաստանի եւ Եվրոպայի սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեեւի խոսքը բողոքի պատասխանն է, որին ըստ երեւույթին կհաջորդեն նաեւ գործնական քայլեր:

«Ես դատապարտում եմ մարզիկի համար անընդունելի այդ արարքը: Մանավանդ, որ նա Ադրբեջանի հավաքականի անդամ է եւ ներկայացնում էր իր երկիրը աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունում: Դա ոչ մարզական պահվածք է:  Այդպիսի մարզիկն արժանի չէ աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակրի կոչմանը:

Մարզիկը, որ խախտում է մրցումների անցկացման կանոնակարգն ու էթիկայի կանոնները, գտնում եմ, պետք է հանվի առաջնությունից եւ զրկվի մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն»,- նշում է Համառուսաստանյան եւ Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեեւը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։