ԱՄՆ դեսպանատունը վիզաներ չի տրամադրել Հայաստանի հավաքականի մարզիկներին

23:11   4 մարտի, 2015

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը նախաօլիմպիական տարին սկսել է խոչընդոտներով: Փետրվարին թիմը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Ազարյանի գավաթի միջազգային մրցաշարին, սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մերժել է հավաքականի անդամների մուտքը ԱՄՆ՝ վիզա տալով միայն թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:

«Մեզ հատուկ պատճառաբանություն չտվեցին ԱՄՆ դեսպանատնից, թե ինչու են մերժում հավաքականին: Ուղղակի ինձ համար անհասկանալի է, թե ինչու: Չհիմնավորված էր այդ մերժումը: Ալբերտ Ազարյանի գավաթը պաշտոնական միջազգային մրցաշար էր: Հասկանալի է՝ Եվրոպայի, աշխարհի առաջնության նման պաշտոնական չէր, բայց սա եւս միջազգային մրցաշար էր, որին Հայաստանի մասնակցությունն ուղղակի անհրաժեշտություն էր:

Հետաքրքիրն այն է, որ բոլորին մերժեցին, միայն ինձ մուտքի վիզա տրամադրեցին: Ես այսօր ունեմ այդ մուտքի վիզան, բայց բնական է, որ առանց տղաների ոչ մի տեղ չեմ գնա: Ուղղակի գնալ, տեսնել, մասնակցելու նպատակ չկա առանց թիմի: Զարմացած ենք, թե ինչու: 

Լավ կլիներ, որ գնայինք, քանի որ ոչ միայն նպատակային գնում էին Գավաթին մասնակցելու համար, այլ ծրագիր ունեինք ԱՄՆ-ում անցկացնել ուսումնամարզական հավաք մինչեւ Հայաստանի առաջնությունը: Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանն իր միջոցներով ցանկություն էր հայտնել պահել հավաքականին ԱՄՆ-ում եւ 14 օր ուսումնամարզական հավաք անցկացնել այնտեղ: Մենք բաց թողեցինք հավաք անցկացնելու հնարավորությունը: Ալբերտ Ազարյանի գավաթն էր եւ Հայաստանի թիմը գավաթի իրական հավակնորդն էր: Մենք էլ պատրաստվել էինք, որ գնալու էինք, բերեինք գավաթը»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան 

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։