Բերեզովսկի. Մխիթարյանը վստահության համար շնորհակալություն հայտնեց Կլոպին

13:55   4 մարտի, 2015

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ելույթներին Դորտմունդի «Բորուսիայում»:

«Շալկեի» դեմ խաղում խփած գոլը կվերադարձնի Մխիթարյանի վստահությունը սեփական ուժերին: Ուշադրությամբ հետեւում եմ Հենրիխի խաղին՝ փորձելով բաց չթողնել «Բորուսիայի» հանդիպումները: Զգացվում էր, որ վնասվածքից հետո Մխիթարյանը խաղից խաղ ավելացնում է ինչպես ֆիզիկականի առումով, այնպես էլ՝ մտավոր: Հիանալի է, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չկորցրեց հավատը Մխիթարյանի հանդեպ եւ նրան ընդգրկեց մեկնարկային կազմում՝ չնայած նրա ոչ այնքան վառ ելույթներին: Հենրիխը կարողացավ շնորհակալություն հայտնել դրա համար: Վստահ եմ, որ առաջիկայում ավելի լավ կսկսի խաղալ ինչպես նա, այնպես էլ «Բորուսիան»: Դորտմունդցիներն ի զորու են Բունդեսլիգայում պայքարել եվրագավաթների ուղեգրերի համար եւ հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,- 40-ամյա դարպասապահի խոսքը փոխանցում է «Известия»-ն:

Հիշեցնենք, որ Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ փետրվարի 28-ին կայացած հաղթական դերբիում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երկարատեւ դադարից հետո 90 րոպե անցկացրեց «Բորուսիայի» կազմում եւ դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դա Մխիթարյանի առաջին գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։