Դավիթ Խիթարյան. Հովհաննես Դավթյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր

21:56   27 փետրվարի, 2015

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը կապահովի օլիմպիական ուղեգիր 2016թ. Ռիոյի Խաղերում, ասել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը։

«Օլիմպիական ուղեգիր մարզիկները կարող են նվաճել մինչեւ օլիմպիական տարվա մայիսը: Նրանք կարող են վարկանիշային միավորներ գրանցել Գրան պրիի, Մեծ սաղավարտի մրցաշարերում, Եվրոպայի, աշխարհի եւ մայրցամաքային բաց առաջնություններում: Ամանաշատ միավորները կարելի է ձեռք բերել աշխարհի առաջնությունում:

Օլիմպիական ուղեգիր կստանան ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակի լավագույն 22 մարզիկները: Ունենք մարզիկ, որն արդեն ապահովել է 2016թ. Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Հավաքականի լավագույն մարզիկներից մեկը` Հովհաննես Դավթյանն այժմ ձյուդոյի ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակի 16-րդ տեղում է։ Այժմ խնդիր ենք դրել ավելի բարձրացնել նրա վարկանիշը եւ գոնե մեկ մարզիկ եւս կարողանանք ուղարկել Ռիո։

Երեք տարիքային խմբերում էլ մրցաշարերն ու ուսումնամարզական հավաքները հագեցած են այս տարի: Պատանիների խմբում ունենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ: Նաեւ երկու տարին մեկ տեղի է ունենում պատանեկան օլիմպիական փառատոն, եւ այս տարի եւս մեր մարզիկները կմասնակցեն փառատոնին: Երիտասարդների ու մեծահասակների հավաքականը նույնպես ունի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ, բայց մինչեւ այդ կան մի քանի միջազգային մրցաշարեր: Այս տարի հասցրել ենք անցկացնել երեք ուսումնամարզական հավաք, այս օրերին պատանիների եւ երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյան քաղաքում»,- նշեց Դավիթ Խիթարյանը:

Սերինե Հակոբյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։