Սարգիս Հովսեփյան. Ակնկալում եմ, որ ի հայտ կգան նոր պատանի ֆուտբոլիստներ

17:24   27 փետրվարի, 2015

Անթալիայից վերադառնալուց հետո «Փյունիկը» փետրվարի 27-ին առաջին մարզումն է անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Նախքան մարզումը սկսելը գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ակումբի մամլո ծառայության հետ զրույցում ամփոփել է ավարտված ուսումնամարզական հավաքը:

«Անթալիայի հավաքն ընդհանուր լավ եմ գնահատում: Ուժեղ ակումբների հետ ընկերական խաղեր անցկացրինք, որոնք ինչ-որ չափով ինֆորմացիա տվեցին, թե որ ֆուտբոլիստն ինչքանով է պատրաստ: Դրանից ելնելով մարզումներ էինք անցկացնում, հասկանալով՝ ինչն է պետք ավելացնել: Գտնում եմ, որ դեռեւս ֆուտբոլիստներն իրենց լավագույն մարզավիճակում չեն, պարզ է, դա խաղերի ընթացքում է գալիս:

Այս խաղերում արդյունքը մեզ համար առաջնահերթ չէր: Մենք պատրաստվում էինք, խնդիրներ էինք լուծում, փոփոխություններ էինք անում, նայում էինք, թե որ ֆուտբոլիստը որտեղ կարող է օգուտ տալ, հետագայում քանի րոպե կարող է խաղալ առաջնությունում։ Այնպես որ առաջնահերթ արդյունքի համար չէինք խաղում: Եվ որքան ուժեղ մրցակից ունենայինք, այնքան ավելի ուրախ էինք, քանի որ տեսնում էինք մեր բացերը:

Շատ ուրախ եմ Լեւոն Հայրապետյանին եւ Զավեն Բադոյանին, որովհետեւ նրանք ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եւ անպայման պետք է ինչ-որ ակումբում մարզվեն, որովհետեւ մոտ ապագայում շատ դժվարին խաղ ունի ազգային հավաքականը: Դրանից ելնելով ենք մենք նրանց կանչել, սակայն ինչու չէ, կօգնեն նաեւ «Փյունիկին» իրենց բարձր կարգով: Թեեւ չէին մարզվել որոշ ժամանակ եւ մարզավիճակի խնդիր կար, բայց նրանց ընդգրկեցինք ընկերական խաղերում՝ հասկանալով, որ շատ են պետք ազգային հավաքականին:

Առաջնության երկրորդ շրջանում ակնկալում եմ գեղեցիկ խաղ։ Ակնկալում եմ, որ ի հայտ կգան նոր պատանի ֆուտբոլիստներ, որոնք հետո կներգրավվեն թե երիտասարդական, թե ազգային հավաքականներում: Դրա հետ միասին եթե լինի լավ արդյունք՝ շատ ավելի լավ»,- ասել է Սարգիս Հովսեփյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։