Ռոբերտ Արզումանյան. Հայաստանի առջեւ խնդիր է դրված դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ

18:39   10 փետրվարի, 2015

Պերմի «Ամկարի» նորեկ եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պատմել է նոր ակումբում ստացած առաջին տպավորությունների, ակումբի եւ հավաքականի նպատակների ու խնդիրների մասին:

«Շատ լավ ընդունեցին, հարմարվելու համար ժամանակ գրեթե պետք չեղավ: Անմիջապես ներգրավվեցի աշխատանքի մեջ: Առաջին հավաքների ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ օրական երկու մարզումներից բացի, այլ բանի մասին մտածելու ժամանակ չկա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար հավաքները շատ կարեւոր փուլ են: Այս ընթացքում է դրվում հիմքը, որի վրա պետք է անցկացնես ամբողջ առաջնությունը: Ծանր աշխատանքի 2/3-րդն արդեն հետեւում է: Առջեւում նախապատրաստության եզրափակիչ փուլն է:

Ստուգողական հանդիպումներում «Ամկարի» մարտավարությունը՝ երեք կենտրոնական պաշտպաններով, անակնկալ չէր ինձ համար, քանի որ Հայաստանի հավաքականը պաշտպանությունում խաղացել է հինգ ֆուտբոլիստներով:

«Ամկարում» այժմ մեր գլխավոր խնդիրը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում տեղը պահպանելն է: Ես պատրաստ եմ առավելագույն ջանք գործադրել, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Այժմ բոլորը հրաշալի տրամադրվածություն ունեն: Ոչ ոք չի կասկածում, որ մնալու ենք Պրեմյեր լիգայում: Այսպիսի պայմաններում աշխատելը իսկական հաճույք է:

Տեղափոխվեցի «Ամկար», քանի որ այստեղից ստացա ամենահստակ առաջարկը: «Ամկարը» լավ համբավ ունի, 10 տարուց ավելի հանդես է գալիս Պրեմյեր լիգայում: Ռուսական ֆուտբոլի մակարդակն էլ բարձր է բոլոր այն առաջնություններից, որտեղ ես հանդես եմ եկել:

«Ամկարի» 20 տարվա պատմության ընթացքում հայերից միայն Ալբերտ Սարկիսյանն էր նախկինում խաղացել: 2005-ին, երբ ես նորամուտս նշեցի Հայաստանի հավաքականում, նա ավարտում էր ելույթները ազգային թիմում: Երկու խաղում միասին խաղադաշտ ենք դուրս եկել:

Հույս ունեմ, որ Ռուսաստանի առաջնությունում ելույթներս կնպաստեն ազգային հավաքականի խաղերին ավելի լավ պատրաստ լինելուն: Այս ընտրական շրջափուլում Հայաստանի թիմի առջեւ լուրջ խնդիր է դրված՝ դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար»,- ասել է Ռոբերտ Արզումանյանը «Ամկարի» մամուլի ծառայությանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Ղազախստանի «Ակտոբեից» է տեղափոխվել Ռուսաստանի առաջնություն: «Ամկարն» այժմ հավաք է անցկացնում Թուրքիայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։