«Բավարիայի» խոշոր հաշվով պարտությունը

01:25   31 հունվարի, 2015

Ձմեռային դադարից հետո վերսկսված Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում 1:4 հաշվով պարտություն կրեց չեմպիոն եւ ընթացիկ առաջատար Մյունխենի «Բավարիան», որը հյուրընկալվեց երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին»: Արդեն առաջին խաղակեսում դաշտի տերերը անակնկալի բերեցին ահեղ մրցակցին: «Վոլֆսբուրգը» հոլանդացի հարձակվող Բաս Դոստի դուբլի շնորհիվ ընդմիջման գնացին երկու գնդակի առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում հաշիվը 3:0 դարձրեց բելգիացի կիսապաշտպան Քեւին դե Բրույնեն: 55-րդ րոպեին «Բավարիայի» իսպանացի պաշտպան Խուան Բերնատը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Դե Բրույնեն դարձյալ գրավեց Մանուել Նոյերի դարպասը:

Պեպ Գվարդիոլայի թիմն առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում: Նախորդ 17 հանդիպումներում մյունխենցիները բաց էին թողել չորս գնդակ: «Բավարիան» 45 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Վոլֆսբուրգն» ունի 37 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 4:1

Դոստ, 4, 45+2, Դե Բրույնե, 53, 73 - Բերնատ, 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։