Սերգեյ Պուչկով. Հաջորդ տարի ոչ ոք չի մնա «Գանձասարում»

17:40   20 դեկտեմբերի, 2014

«Գանձասարի» նոր ղեկավարները երիտասարդ մարդիկ են, ովքեր անիրազեկ են ֆուտբոլից: Այս մասին հայտարարել է Կապանի «Գանձասարի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Պուչկովը, ով խոսել է հայկական ակումբից հեռանալու մասին:

«Կարդացել եմ իմ պաշտոնանկության մասին տեղեկատվությունը: Կասեմ, որ այդտեղ միայն 10 տոկոսն էր ճիշտ: Նախեւառաջ, ոչ ոք չէր երաշխավորել, որ Հայաստանի առաջնությունում գրավելու ենք առաջին կամ երկրորդ տեղը: Նման բան չի կարող երաշխավորել ոչ ոք: Եղել էր խոսակցություն, որ եթե մենք գրավենք երկրորդ կամ երրորդ տեղը, կլինեն բոնուսներ, իսկ թիմի գործադիր տնօրենի գրածը սխալ է: Նրա հետ զրուցել ենք, բայց հիմա ես նրան չեմ զանգել եւ ուշադրություն չեմ դարձրել այդ հարցին: Մենք նորմալ մեկնեցինք արձակուրդ, եւ ես ունեմ դա հաստատող բոլոր փաստաթղթերը:

Հայաստանից հեռանալուց առաջ զրուցել եմ ակումբի նոր ղեկավարների հետ։ Նրանք ցանկանում էին նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձը: Կարծում եմ՝ նոր տարում ոչ ոք թիմում չի մնա առաջնության երկրորդ շրջանի համար: Որքանով հասկանում եմ, թիմի գործադիր տնօրենը եւս մտադիր է հեռանալ ակումբից: Պատճառը նոր ղեկավարներն են: Նրանք երիտասարդ մարդիկ են, ովքեր անիրազեկ են ֆուտբոլից:

Գլխավոր խնդիրն այն է, որ Բարձրագույն խմբի ակումբում ամեն բան պրոֆեսիոնալ մակարդակի վրա չէ: Եթե ցանկանում եք վերադառնալ 1980-ականներ, ապա կարող եք մեկնել Կապան եւ տեսնել դա: Կբերեմ մեկ օրինակ. եվրագավաթներում հայտնվել ցանկացող թիմի տնային ստադիոնի պահեստայինների նստարանները փայտից են, իսկ լուսատախտակի թվերը փոխում են ձեռքով: Թիմերի մեկնարկային կազմերը հայտարարելու համար ստադիոն է բերվում բարձրախոս, ինչպես գյուղերում: Ի՞նչ Բարձրագույն խմբի մասին է այնտեղ խոսքը»,- Սերգեյ Պուչկովի խոսքը մեջբերում է matchday.ua-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության աշնանային հատվածում «Գանձասարը» 15 տուրերում հավաքել է 19 միավոր եւ ընթանում է չորրորդ տեղում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։