Արթուր Աբրահամ. Շտիգլից - Շտուրմ մենամարտում հաղթող չլինելու պատճառով հաջորդ մրցակիցս դարձյալ Սմիթն է

16:02   8 դեկտեմբերի, 2014

Քանի որ նոյեմբերի 7-ին կայացած Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտում հաղթող չեղավ, իմ հաջորդ մրցակիցը կլինի Փոլ Սմիթը, ում հետ մենամարտել էի սեպտեմբերի 27-ին: Սմիթի դեմ մենամարտը տեղի կունենա 2015 թվականի փետրվարի 21-ին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով սեպտեմբերին կայացած չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտում հաղթել էր Սմիթին։

Արթուր, Շտիգլից - Շտուրմ մենամարտին ներկա ես եղել նաեւ դու: Ինչպե՞ս կմեկնաբանես այս մենամարտը:

Ուժեղ մենամարտ էր, երկուսն էլ լավ, դիտարժան բռնցքամարտ ցուցադրեցին:

Նշել էիր, որ կցանկանայիր Շտուրմի հաղթանակը: Ո՞վ էր արժանի հաղթանակի, թե՞ իսկապես հավասար պայքար էր:

Հաղթանակի արժանի էր Շտուրմը, եւ ինձ համար նա է հաղթել այդ մենամարտում:

Դու արդեն ծանոթ ես Շտիգլիցի մարտավարությանը, մրցելաոճին։ Շտուրմի հետ մենամարտում որեւէ փոփոխություն նկատեցի՞ր։

Ամեն մարզիկի հետ մենամարտելու համար ոճ է մշակվում: Ակնհայտ էր, որ Շտիգլիցը լուրջ եւ երկար է պատրաստվել այդ մենամարտին:

Շտիգլից - Շտուրմ զույգից ո՞ւմ հետ կցանկանայիր մենամարտել: Ո՞վ է քեզ համար ավելի ուժեղ:

Ես խնդիր չունեմ, պատրաստ եմ մենամարտել երկուսի հետ էլ: Երկուսն էլ ուժեղ են յուրովի:

Նախանշված էր, որ այս մենամարտի հաղթողը լինելու էր հունվարին կայանալիք քո հերթական մենամարտի մրցակիցը: Ո՞վ կլինի քո մրցակիցը այս դեպքում:

Պայմանավորվածություն կա, որ իմ առաջիկա մրցակիցը կլինի Փոլ Սմիթը, ում հետ ես մենամարտեցի սեպտեմբերի 27-ին եւ հաղթեցի նրան: Մենամարտը կկայանա 2015թ. փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում: Մեր պրոմոուտերների համաձայնության արդյունքում որոշվեց, որ իմ հաջորդ մրցակիցը կրկին կլինի Փոլ Սմիթը: Այս անգամ եւս հետաքրքիր եւ դիտարժան մենամարտ է սպասվում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։