Պորտուգալիա - Հայաստան. Ռոնալդուի ստվերում մնացած թիմի ներկան

09:22   14 նոյեմբերի, 2014

Եվրոպայի ամենաարեւմտյան մայրցամաքային երկիր Պորտուգալիայում մարդիկ ուշ են արթնանում եւ կյանքը ավելի ուշ է սկսվում՝ հարավային երկրներին բնորոշ է: Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը տեղի է ունենալու հարավային փոքրիկ հանգստյան գոտում՝ Ֆարո քաղաքում: Հզոր ֆուտբոլային երկրների հավաքականների հետ Պորտուգալիան խաղում է Լիսաբոնի ստադիոններում, իսկ մյուսների հետ՝ այլ քաղաքներում:

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում հավաքել է 3 միավոր: Առաջին խաղում պորտուգալացիները սենսացիոն պարտություն կրեցին ալբանացիներից, իսկ երկրորդում՝ միայն վերջին րոպեներին կարողացան հաղթել Դանիային: Պաշտոնանկ եղավ գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն: Թեեւ նոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի գլխավորած Հունաստանի հավաքականը խաղում էր ավելի դասական, պաշտպանական ֆուտբոլ, Պորտուգալիան նրա հետ ենթարկվեց փոփոխությունների:

Նախորդ խաղում ընդգրկված էին երեք հարձակողական ոճի կիսապաշտպան՝ Ռոնալդու, Նանի, Դանի: Այս խաղում հավանաբար հանդես կգա ապաքինված Էլդերը, ով կփոխարինի Դանիին կենտրոնում: Դանին կտեղափոխվի ավելի հետ՝ Ժոաո Մոտինյոյի եւ Տյագոյի հետ: Պորտուգալացի լրագրողների կարծիքով, թիմի ամենաթույլ օղակը ձախ կիսապաշտպանի դիրքն է: Էլիզեուն եւ Անտունեշը վնասվածքներ ունեն: Ամենայն հավանականությամբ,  հանդես կգա Տիագու Գոմեսը «Բրագայից»: 28-անյա ֆուտբոլիստի համար դա կլինի նորամուտը ազգային հավաքականում: Պորտուգալիայի հավաքականը կխաղա ավանդանական 4-3-3 տակտիկական սխեմայով:

Իհարկե, երկրպագուների հույսերը կապված են Ռոնադլուի հետ: Այս թիմը դեռ պետք է ռեաբիլիտացվի աշխարհի առաջնության ֆիասկոյի համար: Իսկ Ալբանիայից կրած տնային պարտությունը ըստ պորտուգալացիների՝ իրենց ֆուտբոլային պատմության վատագույն խաղն էր:

Վերջում ավելացնեմ, որ պորտուգալացի լրագրողները այս օրերին ինձ անընդհատ գրում են եւ հարցնում՝ արդյոք մեր թիմում վնասվածքներով ֆուտբոլիստներ չկան… Եվ կարծես՝ սպասում են, որ ասելու եմ՝ այո, կան: Ոչ, չկան, հեշտ չի լինելու:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։