Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Սերժ Սարգսյանը կատարեց Արոնյան - Լիրեն պարտիայի առաջին քայլը (ֆոտո)

17:12   6 նոյեմբերի, 2014

Մոսկվայում ընթացող  շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված «Տաշիր» մրցաշարի  մրցումային երրորդ օրը մրցավայր է այցելել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը, ով հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահն է: Նա կատարեց երրորդ տուրի Լեւոն Արոնյան - Դինգ Լիրեն պարտիայի առաջին քայլը։

Նախքան այդ, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովի հետ շրջեց մրցավայրում, որտեղ տեղադրված են Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշատախտակներ։

Մինչ շախմատիստները շարունակում էին պարտիաները, երկու երկրների շախմատային ֆեդերացիաների միջեւ կնքվեց համաձայնագիր, որն ուղղված կլինի մանկապատանեկան շախմատի զարգացմանը: Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցաշարին:

Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի եւ «Տաշիր» ընկերության համատեղ գործունեությունը:

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 3-ին, Մոսկվայի «Նովոթել» բիզնես կենտրոնում եւ կավարտվի նոյեմբերի 11-ին:

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)

Ֆոտո՝ NEWS.am Sport, president.am






© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։