Հայաստանում ամեն ինչ շնչում է շախմատով, նույնիսկ մթնոլորտը, կոլորիտն է շախմատային: Հայաստանը կատարյալ օրինակ է, թե ինչպես պետք է սիրել, զարգացնել, պահպանել սիրելի մարզաձեւը, մարզաձեւի ջատագովներին, թե ինչպես պետք է նվիրվել այս մարզաձեւին եւ այնքան սիրել, որ դարձնել ազգային արժեք, ներդնել կրթական համակարգում եւ նպաստել երեխաների ինտելեկտուալ զարգացմանը:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Երեւանում ընթացող «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողովում ասաց Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին, Հայաստանի շախմատի ֆեդերացիային, որ մեզ բոլորիս համախմբել եք մեկ հարկի տակ: Այն ծրագիրը, որ 2011 թվականին ներմուծվեց հայկական դպրոցներ, մեծ արձագանք ստացավ միջազգային ասպարեզում: Սա կատարյալ օրինակ է այլ երկրների համար, եւ այսօր աշխարհում մի շարք պետություններ փորձում են եւ ցանկություն են հայտնել կիրառել Հայաստանի փորձը եւ շախմատը դարձել հանրակրթական պարտադիր առարկա դպրոցներում: Անցյալ տարի, երբ Մեքսիկայում էի, Հայաստանի շախմատի ֆեդերացիային խնդրեցի Մեքսիկա ուղարկել հայկական այս ծրագրի մեթոդական տեսությունը, որպեսզի փորձը կիրառվի Մեքսիկայում: Ես դա հանձնեցի Մեքսիկայի կրթության նախարարին, եւ արդյունքը եղավ այն, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից մեքսիկացի երեխաները դպրոցներում որպես պարտադիր առարկա կսովորեն շախմատ: Այդպես եղավ նաեւ Թուրքիայում, երբ վերջերս եղա Թուրքիայում, հաճելիորեն զարմացա, որ թուրք երեխաները սովորում են շախմատ, խաղում են շախմատ: Այդպես մի շարք երկրներում լինելով՝ ես փորձում եմ Հայաստանի փորձը ներմուծել տվյալ երկրներ, եւ արդյունքն ակնհայտ է: Արդյունքը այսօրվա գիտաժողովն է եւ մասնակից երկրները: Այստեղ տեսնում եմ իմ ընկերներին եւ ուրախ եմ, որ բոլոր այս երկրները միացել են այս ծրագրին եւ շախմատը դարձրել երեխաների տրամաբանության, ինտելեկտուալ զարգացման ուղղություններից մեկը:
Այստեղ, Հայաստանում ամեն ինչ շնչում է շախմատով, նույնիսկ մթնոլորտը, կոլորիտն է շախմատային: Պատահական չէ, որ շուտով Ռուսաստանում մեկնարկելու է Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշար, եւ այդ հուշամրցաշարը նախագահելու է Հայաստանի մեծարգո նախագահը: Հայաստանը կատարյալ օրինակ է, թե ինչպես պետք է սիրել, զարգացնել, պահպանել սիրելի մարզաձեւը, մարզաձեւի ջատագովներին, թե ինչպես պետք է նվիրվել այս մարզաձեւին եւ այնքան սիրել, որ դարձնել ազգային արժեք, ներդնել կրթական համակարգում եւ նպաստել երեխաների ինտելեկտուալ զարգացումը: Պատահական չէ նաեւ, որ Հայաստանի հավաքականը երեք անգամ կարողացել է դառնալ Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Նույնիսկ գերհզոր պետություններին չի հաջողվում երեք անգամ դառնալ Օլիմպիադայի չեմպիոն: Բայց Հայաստանի հավաքականը ապացուցեց, որ դա հնարավոր է, երբ խաղում ես կատարյալ ու գեղեցիկ շախմատ:
Այս գիտաժողովում շատ կխոսվի երեխաների զարգացման մեջ շախմատի դերի մասին: Հայաստանը առաջնեկն էր այս ծրագրում, եւ այսօր արդեն շատ երկրներում շախմատը դպրոցներում դարձել է հիմնական պարտադիր կրթական առարկա:
Հայաստանն իր ուրույն տեղն ունի իր շախմատ խաղացող մարզիկներով, շախմատային մրցաշարերին մասնակցող մարզիկների թվով եւ ամենակարեւորը մրցաշարերում առաջատար տեղերում լինելով:
Մեր խնդիրն է խելացի մարդկանց շարքերը ավելացնել: Շախմատի միջազգային ֆեդերացիան ունի կարգախոս՝1 միլիարդ խելացի մարդ երկրագնդի վրա, մեկ միլիարդ շախմատ խաղացող՝ 7 միլիարդից: Գուցե, սա մի փորք վերացական ցանկություն է, նպատակ, բայց մենք ունենք Հայաստանի օրինակը. երկիր, որտեղ խելացի մարդիկ շատ են, որտեղ շախմատը մշակույթ է, որտեղ շախմատ խաղացողները շատ են: Ես ցանկանում եմ,որ Հայաստանի օրինակին հետեւեն բոլոր երկրները:
Թե ինչու ենք ձգտում մեկ միլիարդ խելացի մարդ ունենալ երկրագնդի վրա, պատճառն այն է, որ քաղաքական գործիչների քիչ մասն է սկզբից մտածում, ապա նոր որոշումներ կայացնում, կարծում եմ սա գաղտնիք չէ: Մենք ցանկանում ենք, որ աշխարհում խելացի մարդիկ շատ լինեն, շախմատ խաղացողները շատ լինեն, որպեսզի որեւէ երկրում քաղաքական գործիչները խելացի մտածեն, ապա նոր որոշումներ կայացնեն:
Ուրախ եմ, որ մեր՝ շախմատային ընտանիքը ժամանակի ընթաացքում մեծանում է: Մենք բոլորս մեկ ընտանիք ենք»,- ասաց Կիրսան Իլյումժինովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, Շախմատի միջազգային Ֆեդերացիայի եւ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ Երեւանում անցկացվում է «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողով, որին մասնակցում են 31 երկրների ներկայացուցիչներ:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։