Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալական «Սպորտինգին»:
Լիսաբոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում անգլիական ակումբն ուներ խաղային եւ տարածքային առավելություն, սակայն վտանգավոր էին նաեւ «Սպորտինգի» հակագրոհները: 34-րդ րոպեին Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Չելսիին»:
Երկրորդ խաղակեսում «Սպորտինգը» սկսեց գործել ավելի ակտիվ, թեեւ լոնդոնյան ակումբը գոլ խփելուն ավելի մոտ էր: «Չելսիի» ֆուտբոլիստները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից, բայց պահպանեցին հաղթական հաշիվը:
G խմբի մյուս խաղում գերմանական «Շալկեն» տանը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը սլովենական «Մորիբորի» հետ:
H խմբում ԲԱՏԷ-ն Բորիսովում 2:1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին», իսկ «Շախտյորը» սեփական խաղադաշտում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը պորտուգալական «Պորտուի» հետ՝ բաց թողնելով 2 գոլի առավելությունը: 86-րդ րոպեին «Պորտուն» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կոլումբացի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի դուբլի շնորհիվ փրկվեց պարտությունից:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
G խումբ
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:1
Նեմանյա Մատիչ, 34
«Շալկե» (Գերմանիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 1:1
Կլաս Յան Հունտելար, 56 - Դամյան Բոհար, 38
H խումբ
ԲԱՏԷ (Բելառուս) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 2:1
Դենիս Պոլյակով, 19, Ալեքսանդր Կարնիցկի, 42 – Արից Ադուրիս, 45
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:2
Ալեքս Տեյշեյրա, 52, Լուիս Ադրիանո, 86 – Ջեքսոն Մարտինես, 89 (11մ.), 90+4
Չիրացված 11 մետրանոց՝ Յասին Բրահիմի, 35 («Պորտու»)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։