Արսեն Վենգեր. 18 տարի «Արսենալում»՝ մեծ պատիվ է

18:56   30 սեպտեմբերի, 2014

«Արսենալում» 18 տարի աշխատելը մեծ պատիվ է, հայտարարել է լոնդոնյան ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թուրքական «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումից առաջ:

«Ես պարզապես ցանկանում եմ համապատասխանել այս ակումբի սպասումներին եւ հաղթել «Գալաթասարային»: Մեր աշխատանքն ամեն անգամ առաջիկա խաղում հաղթելն է: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պահանջվում է վաստակել առնվազն 10 միավոր: Տնային հանդիպումներն այս տեսանկյունից շատ կարեւոր են: Առայժմ մենք շատ ենք կորուստ ունեցել, պետք է անցնել հաղթական ուղու: Դեռ մրցաշարի սկիզբն է, բայց մենք արդեն որոշակի ճնշում ենք զգում: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում խնդիրը երբեք չի փոխվում՝ պետք է հաղթել մեկ արտագնա եւ երեք տնային խաղերում»,- 64-ամյա Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է telegraph-ը:

Ֆրանսիացի մասնագետը Լոնդոնի «Արսենալը» գլխավորում է 1996թ. սեպտեմբերի 30-ից: Նրա ղեկավարությամբ թիմը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հնգական անգամ՝ երկրի գավաթակիր եւ սուպերգավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։