Արկադի Անդրեասյան. Հենրիխ Մխիթարյանին պաշտպանական ֆունկցիաների մեջ ներքաշելը սխալ է

17:53   30 սեպտեմբերի, 2014

Հայաստան - Սերբիա խաղին ընդառաջ «Արարատի»  նախկին ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց, թե ինչպես կարելի է հաջող հանդես գալ սերբերի դեմ:

«Առաջիկա խաղերին, հաշվի առնելով կորուստները, մարզիչը պետք է լուծումներ գտնի: Նախորդ խաղերում ընտրված մարտավարությունը՝ խաղալ երեք պաշտպաններով, վատ չէր, բայց միայն կենտրոնում երեք պաշտպանների դնելը բավական չէ: Կարեւոր է նրանց դասավորությունը, հստակ կարգադրություններ տալը:

Առաջին բաց թողած գնդակի դրվագում պետք է փակվեր դարպասի աջ հատվածը, բայց ոչ ոք դա չարեց: Ռոման Բերեզովսկին, ով ավելի փորձառու է, քան պաշտպանները, պետք է մինչեւ այդ պահը համապատասխան հուշումներ աներ:

Դրա փոխարեն մարզիչը պաշտպանների է փոխարինում: Անգամ, եթե վնասվածք կար, Արզումանյանն իր փորձով ավելի կօգներ թիմին: Ինչ վերաբերում է Մխիթարյանի փոխարինմանը, ես այդքան էլ չհասկացա, թե ինչու նրան փոխարինեցին: Կարծես՝ լուրջ վնասվածք չկար: Մի քանի օր հետո նա արդեն մարզվում էր:

Մխիթարյանը, նույնիսկ խաղադաշտում մնալով, անգամ առանց մեծ աշխատանք կատարելու, արդեն իսկ թիմին մեծ օգուտ կտար: Իսկ նա փոխարինվեց: Մենք չունենք Հենրիխի կարգի այլ ֆուտբոլիստ, եւ նրան պաշտպանական ֆունկցիաների մեջ ներքաշելը սխալ է: Նա պետք է թիմի ստեղծագործող օղակը լինի: Մյուսները պետք է գնդակը խլեն ու հասցնեն Հենրիխին: Փոխարենը Մխիթարյանը կատարում է թիմի բոլոր խաղային օղակների ֆունկցիաները: Մեսին երբեք չի իջնում պաշտպանության գիծ: Նա փոխանցումներ է կատարում եւ գոլեր խփում: Նույնը պետք է անի Մխիթարյանը:

Եթե պաշտպանությունն այդքան քննադատվում է կամ թույլ է, ուրեմն պետք է այն ուժեղացնել: Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել երեք, կամ չորս կենտրոնական պաշտպանների: Եթե թիմի թույլ օղակը դա է, ուրեմն պետք է ամբողջ ուժով լուծել այդ խնդիրը: Եթե ֆուտբոլիստների որակը չի բավականացնում, պետք է քանակի հաշվին ուժեղանալ:

Ես հիշում եմ, երբ առաջին անգամ խաղում էինք «Բավարիայի» դեմ, երկար ժամանակ չէինք կարողանում գտնել նրանց դարպասին հարվածելու դիրքը: Նրանք այնքան լավ էին դիրքավորվում, որ չէինք կարողանում դարպասի ուղղությամբ հարվածներ կատարել: Միայն խաղի ընթացքում կարողացանք գտնել, թե ինչպես գրոհենք: Ո՞րն է մեր մարզիչի փիլիսոփայությունը: Հաղթել, գոլեր խփել, չպարտվել: Ամեն բան սուտ է: Կարեւորը արդյունքն է: Իրականում, ֆուտբոլը շատ բարդ բան է»,- ասաց Արկադի Անդրեասյանը:

Հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան - Սերբիա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։