«Արարատի» ամերիկացի կիսապաշտպանն ամփոփել է առաջին խաղաշրջանը

15:50   23 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատի» համար անհաջող դասավորված առաջին խաղաշրջանի արդյունքները ամփոփելու նպատակով ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է թիմի ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեի հետ, ով անցկացրած 6 խաղում դարձավ 2 գոլի հեղինակ:

Բրայան, «Արարատն» անհաջող անցկացրեց առաջին խաղաշրջանը եւ հավաքեց ընդամենը 3 միավոր: Ինչո՞վ են պայմանավորված այս արդյունքները եւ ե՞րբ «Արարատը» կրկին կսկսի ուրախացնել իր երկրպագուներին:

Իմ կարծիքով, թիմին խանգարում է կենտրոնացվածության պակասը: Պետք է կենտրոնացած լինենք ոչ թե 100, այլ`110 տոկոսով: Բացի այդ, այս կազմով մենք նախապատրաստական շրջան չենք անցել եւ ժամանակ է պետք միմյանց խաղադաշտում ավելի լավ հասկանալու համար: Բոլորս պետք է ջանադրաբար աշխատենք` արդյունքները բարելավելու համար:

Ի՞նչ կասես «Գանձասարի» հետ խաղի մասին:

Մենք ակտիվ սկսեցինք խաղը եւ փորձեցինք ճնշում գործադրել մրցակցի վրա, սակայն ոչ պարտադիր սխալների հետեւանքով ընդունած գոլերը հերթական անգամ խառնեցին մեր խաղաքարտերը:

Հասցրել ես դառնալ 2 գոլի հեղինակ: Կարո՞ղ ես ասել, որ արդեն հարմարվել ես թիմի խաղին:

Միշտ ձգտում եմ ավելիին: Շատ եմ աշխատում, որպեսզի բարելավեմ խաղս եւ էլ ավելի օգտակար լինեմ իմ թիմին:

Ի՞նչ կարծիք ունես Հայաստանի առաջնության մասին: Նախկինում հանդես ես եկել ՄԼՍ-ի «Չիվաս» թիմի կազմում: Կարո՞ղ ես համեմատել երկու երկրների առաջնությունները:

ԱՄՆ-ում ավելի շատ են թիմերը, ինչն առաջնությունն ավելի գրավիչ եւ մրցունակ է դարձնում: Սակայն, պետք է ասեմ, որ խաղամակարդակների տարբերությունն այնքան էլ մեծ չէ. Հայաստանի առաջնությունն էլ բավականին հետաքրքիր պայքարում է անցնում:

Ինչպե՞ս ես քեզ զգում Երեւանում եւ որտե՞ղ ես անցկացնում ազատ ժամանակդ:

Երեւանը գեղեցիկ քաղաք է, ինձ դուր է գալիս: Ընկերներիս հետ զբոսնում ենք Օպերայի, Հանրապետության հրապարակի եւ Հյուսիսային պողոտայի շրջակայքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։