Լեմպարդի ռեկորդն ու խոստովանությունը

22:08   21 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդ, սեպտեմբերի 21-ին գրավելով Լոնդոնի «Չելսիի» դարպասը, դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Անգլիայի առաջնությանը մասնակցած 39 տարբեր ակումբների:

«Չելսիի» դեմ խաղից հետո 36-ամյա Լեմպարդը խոստովանել է, որ չէր ցանկանա այսպես հրաժեշտ տալ իր նախկին ակումբի երկրպագուներին:

«Դա ծանր է, սակայն ես պրոֆեսիոնալ չէի լինի, եթե չկատարեի իմ աշխատանքը: Այնպես որ ունեմ խառնված զգացմունքներ: Չէի ակնկալում, որ գոլ կխփեմ հենց այս խաղում: Հաճելի է, որ գոլս միավոր պարգեւեց թիմին: Լսում էի, թե ինչպես են «Չելսիի» երկրպագուները վանկարկում անունս: Դա շատ հուզական պահ էր: Ես այսպես չէի ծրագրել հրաժեշտ տալ «Չելսիի» ֆանատներին: Երբ արթնացա այսօր առավոտյան, չգիտեի, թե ինչպիսին կցանկանայի տեսնել օրս: Կարծում եմ՝ այն անցավ ոչ միարժեքությամբ»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ խաղում Լեմպարդը դուրս եկավ փոխարինման՝ 85-րդ րոպեին խփելով «Մանչեսթեր Սիթիի» պատասխան գոլն ու փրկելով պարտությունից դաշտի տերերին: Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը 14 տարի խաղացել է «Չելսիում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։