Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիային» չփրկեց պարտությունից

22:20   20 սեպտեմբերի, 2014

Գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրն անհաջող էր Դորտմունդի «Բորուսիայի» համար: Դորտմունդցիները հյուրընկալվել էին «Մայնցին» եւ հաղթանակի դեպքում կգլխավորեին մրցաշարային աղյուսակը, սակայն Յուրգեն Կլոպի թիմը պարտվեց գերմանացի մասնգետի նախկին թիմին: «Մայնցը» խփեց 2 անպատասխան գոլ:

Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղից հետո Կլոպը մի շարք փոփոխություններ էր կատարել մեկնարկային կազմում՝ պահեստայինների նստարանին թողնելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 65-րդ րոպեին «Բորուսիայի» կազմում խաղադաշտ դուրս եկան Հենրիխ Մխիթարյանը եւ իտալացի ռմբարկու Չիրո Իմոբիլեն, իսկ մեկ րոպե անց ճապոնացի հարձակվող Սինձի Օկազակին բացեց հաշիվն՝ առաջ մղելով «Մայնցին»: 70-րդ րոպեին հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Իմոբիլեն վրիպեց 11 մետրանոց հարվածից: Քիչ անց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը եւ դաշտի տերերը կրկնապատկեցին առավելությունը: «Մայնցի» երկրորդ գոլը խփեց «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատիաս Գինտերը, ով դարձավ ինքնագոլի հեղինակ: Վերջնամասում Յուրգեն Կլոպի թիմը չկարողացավ պատասխանել մրցակցին եւ կրեց երկրորդ պարտությունը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

«Բորուսիան» ունի 6 միավոր եւ «Աուգսբուրգի» հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: «Մայնցը» 8 միավորով հավասարվեց մյուս 3 առաջատարներին՝ «Բավարիային», «Հոֆֆենհայմին» ու Բունդեսլիգայի նորեկ «Պադերբորնին»:

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր  

«Մայնց» - «Բորուսիա Դ՝ 2:0

Սինձի Օկազակի, 66, Մատիաս Գինտեր, 74 (ինքնագոլ)

Չիրացված 11 մետրանոց՝ Չիրո Իմոբիլե, 70 («Բորուսիա»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։