Ձամբրոտա. «Միլանի» խնդիրը Բերլուսկոնիի ժլատությունն է

20:51   19 սեպտեմբերի, 2014

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջանլուկա Ձամբրոտան քննադատել է «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիի տրանսֆերային քաղաքականությունը՝ մեղադրելով նրան ժլատության մեջ:

«Բերլուսկոնին չի ցանկանում ներդրում անել եւ ծախսեր կատարել «Միլանում» այնպես, ինչպես նախկինում: Խոշոր տրանսֆերների բացակայության պատճառով Իտալիայի առաջնությունը կորցնում է գրավչությունը: Դա լուրջ հիմնախնդիր է: Նախկինում իտալական ակումբներն այսքան հետ չէին Իսպանիայի, Անգլիայի եւ Գերմանիայի ակումբներից:

Ֆիլիպո Ինձագին ունի հաջողության համար անհրաժեշտ ամեն ինչ, սակայն առաջատար ֆուտբոլիստների գնել չի կարող: Իտալիայի առաջնության գլխավոր խնդիրը բյուջեն է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ 80 միլիոն եվրոյի տրանսֆեր: Իսկ ուժեղագույն ֆուտբոլիստները սիրում են խոշոր առաջարկներ: Բալոտելին ցանկանում էր օգնել «Միլանին», բայց նա դեռ երիտասարդ է եւ պետք է կատարելագործվի: Նա ունի տաղանդ եւ վարպետություն, բայց պետք է փոխի մտածողությունը»,- Ձամբրոտայի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

Ձամբրոտան «Միլանում» հանդես է եկել 2008-2012 թվականներին: Իտալիայի հավաքականի կազմում դարձել է 2006թ. աշխարհի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։