«Սպարտակի» ստադիոնը կընդունի հարսանիքներ

21:27   18 սեպտեմբերի, 2014

Մոսկվայի «Սպարտակի» նորաբաց «Օտկրիտիե Արենա» ստադիոնում կանցկացվեն հարսանիքներ, հաղորդում է Sport-express-ը: Այդ մասին հայտարարել է ռուսական ակումբի կոմերցիոն տնօրենը:

«Ստադիոնն ունի բացառիկ մթնոլորտ՝ նույնիսկ, այն ժամանակ, երբ դատարկ է: Հայտնի է, որ «Լուժնիկի» ստադիոնի տարածքում կա Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժանմունք: Մենք չենք պատրաստվում նույնը նախաձեռնել մեր ստադիոնում, սակայն հարսանիք անցկացնելու հնարավորություն կտանք բոլոր ցանկացողներին: Նույնը ես արել եմ «Դոնբաս Արենայում»: Բոլորը գոհ էին: Ստորագրել խաղադաշտում եւ հարսանիքը նշել ստադիոնում հրաշալի է»,- ասել է Ալեքսանդր Ատմանենկոն, որը նախքան «Սպարտակում» աշխատանքի անցնելը եղել է Դոնեցկի «Շախտյորի» «Դոնբաս Արենա» ստադիոնի տնօրենը:

Սեպտեմբերին բացված «Օտկրիտիե Արենայի» շինարարության ծախսը կազմել է մոտ 420 միլիոն եվրո: Այն ունի 42-45 հազար տեղ: 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ ստադիոնը կկոչվի «Սպարտակ»: Այստեղ 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի եւ աշխարհի առաջնության հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի ազգային հավաքականը:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։