Սպորտի նախարար. Արսենի եւ Արթուրի հաղթանակների պահին ուրախությունից գոռում էի

13:04   15 սեպտեմբերի, 2014

Ուղիղ միացումով հետեւել եմ բոլոր գոտեմարտերին՝ մեքենայի մեջ, ճանապարհին, աշխատանքի մեջ: Երբ Արսենը եւ Արթուրը անցկացրեցին իրենց եզրափակիչ գոտեմարտերը եւ նվաճեցին ոսկե մեդալները, այդ պահին միակ զգացողությունս հպարտությունն էր. ուրախությունից գոռում էի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնությանը մասնակցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 15-ի առավոտյան Ուզբեկստանի մայրաքաղաքից ժամանեց Երեւան: Աշխարհի չեմպիոններին օդանավակայանում սպասում էին ծնողները, հարազատները, բարեկամները, ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

«Սպասում էինք այս մեդալները՝ թե Արսեն Ջուլֆալակյանից, թե Արթուր Ալեքսանյանից: Եվ ոչ միայն նրանցից, բոլորից էլ մեդալների ակնկալիքներ կային: Բոլորից էլ մեդալներ սպասում ենք: Եթե չսպասենք հաղթանակների, չեն լինի այդ հաղթանակները: Ուղիղ միացումով հետեւել եմ բոլոր գոտեմարտերին՝ մեքենայի մեջ, ճանապարհին, աշխատանքի մեջ: Երբ Արսենը եւ Արթուրը անցկացրեցին իրենց եզրափակիչ գոտեմարտերը եւ նվաճեցին ոսկե մեդալները, այդ պահին միակ զգացողությունս հպարտությունն էր: Հպարտ եմ, որ ունենք նրանց պես մարզիկներ, ուրախությունից գոռում էի. Ինքս էմոցիոնալ մարդ եմ: Առանց էմոցիաների այդ հաղթանակները չանցան»,- ասաց սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Աշխարհի չեմպիոններին օդանավակայանում դիմավորեցին մեծ ոգեւորությամբ, երգ ու պարով, չեմպիոնների նկարներով շապիկներով:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։