Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը (ֆոտոշարք)

09:05   3 սեպտեմբերի, 2014

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Երեւանում աշխարհի առաջնությունից առաջ: Մեծահասակների հետ մարզվում են նաեւ երիտասարդ ըմբիշները:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ տղաների մոտ լուրջ վնասվածքներ չկան եւ ամեն ինչ բնականոն է ընթանում:

«Բոլոր ուսումնամարզական հավաքներն անցել են նորմալ, մարզիկները լավ վիճակում են: Աշխարհի առաջնությանը մի քանի օր է մնացել, պետք է շարունակենք ճիշտ աշխատել: Եթե յուրաքանչյուր ըմբիշ լիարժեք կատարի իր առջեւ դրված խնդիրը, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Թեթեւ վնասվածք ունի Ռոման Ամոյանը, բայց դա չի խանգարում նրան»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 8-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կներկայանա հետեւյալ կազմով.

Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Հրաչ Հովհաննիսյան (80 կգ), Արթուր Շահինյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ), Վաչիկ Եղիազարյան (130 կգ): 

Հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 10-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը անցկացնում է Տաշքենդում:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)





© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։