Հայաստանի հավաքականի մարզումային ծրագիրը

19:11   29 օգոստոսի, 2014

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է ազգային հավաքականի մարզումային ծրագիրը: Թիմը կնախապատրաստվի սեպտեմբերի 3-ին Ռիգայում կայանալիք Լատվիայի հետ ընկերական խաղին եւ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում կայանալիք Դանիայի հետ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում եւ երեկոյան կանցկացնի մարզում: Հավաքի երեւանյան մասի ընթացքում գլխավոր մարզչի տրամադրության տակ կլինեն Գեւորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին եւ Կամո Հովհաննիսյանը: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին, Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը ուղիղ չարտերային չվերթով կմեկնի Ռիգա, որտեղ նույն օրը ժամը 18:00-ին (տեղական ժամանակով) կանցկացնի մարզում: Սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի նախախաղային մարզում «Սկոնտո» ստադիոնում: Առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20:45-ին «Սկոնտո» ստադիոնում կկայանա Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը: Սեպտեմբերի 4-ին երեկոյան թիմը կանցկացնի եւս մեկ մարզում, իսկ սեպտեմբերի 5-ին առավոտյան ուղիղ չարտերային չվերթով կմեկնի Կոպենհագեն: Նույն օրը ժամը 18:00-ին թիմը կանցկացնի մարզում:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում «Պարկեն» ստադիոնում: Առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20:00-ին, «Պարկեն» ստադիոնում կկայանա Դանիա - Հայաստան ընտրական հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։