Հայ մարզիկները հաջող հանդես եկան Թբիլիսիում կայացած աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությունում:
Հայաստանի եւ Արցախի 10 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ երեւանցի հեռացատկորդ Վարդան Փահլեւանյանը: Նա ցուցադրեց 8 մ 12 սմ արդյունք՝ հռչակվելով Վրաստանի չեմպիոն: Փահլեւանյանը երկու սմ-ով գերազանցեց օլիմպիական վարկանիշային ցուցանիշը՝ նվաճելով լոնդոնյան խաղերի ուղեգիր: Հայաստանի օլիմպիական մարզիկների թիմը հասավ 22-ի, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Վանաձորցի հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը 756 սմ ցուցանիշով գրավեց երրորդ տեղը եւ իրավունք ստացավ մասնակցելու Իսպանիայում հուլիսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Երեւանցի Դիանա Խուբեսերյանը առաջինը ճանաչվեց 100 եւ 200մ վազքում: Անգերազանցելի էր նաեւ հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը, ում ցուցանիշն էր՝ 620 սմ (սպորտի վարպետի արդյունք է): Եռացատկում Սաթենիկի ցուցանիշն էր՝ 12մ 69 սմ:
800 մետր վազքում առաջին տեղ գրավեց վանաձորցի Գայանե Բուլղադարյանը՝ 2ր 14.95 վ:
Երկրորդ մրցանակակիր դարձան երեւանցի Սամվել Գրիգորյանը (400մ արգելավազք) եւ արցախցի Աշոտ Հայրապետյանը (3000 մ խոչընդոտավազք): Արցախի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը բրոնզե մեդալակիր դարձավ 800մ վազքում: Նման պատվի արժանացավ նաեւ արտաշատցի արգելավազորդ Ռոման Ալեքսանյանը (400 մ` 57,64վ):
Հայաստանի հավաքականին Թբիլիսի ուղեկցած վաստակավոր մարզիչ Զաուր Սարգսյանը դրական է գնահատել թիմի մրցելույթները:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։