Բրազիլիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը բաժին հասավ Հոլանդիայի հավաքականին, որը երրորդ տեղի համար խաղում 3:0 հաշվով առավելության հասավ բրազիլացիների նկատմամբ: Բրազիլիա քաղաքում կայացած խաղում հոլանդացիներից առաջին խաղակեսի սկզբնամասում աչքի ընկան Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դելայ Բլինդը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին, ով անվրեպ է իրացրել 11 մետրանոցը, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց ՊՍՎ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը:
Եվրոպացիները կորուստ ունեցան խաղից առաջ, երբ նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ Ստամբուլի «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սենյդերը, ով չկարողացավ մասնակցել խաղին: Այնուամենայնիվ, հանդիպման մեկնարկը հաջող էր հոլանդացիների համար, քանի որ արդեն երկրորդ րոպեին բրազիլացիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան սեփական տուգանայինում վայր գցեց արագություն հավաքած Արյեն Ռոբենին, իսկ Ռոբին վան Պերսին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ խփելով իր չորրորդ գոլն ԱԱ-2014-ում: Բաց թողած գոլից հետո Բրազիլիայի թիմը գրոհում էր հաճախ, բայց ոչ այնքան վտանգավոր: 17-րդ րոպեին բրազիլացիները սեփական տուգանայինում առանց հսկողության էին թողել Դելայ Բլինդին, ով կրկնապատկեց հոլանդացիների առավելությունը: Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին ստացվում դաշտի տերերի կատարմամբ ստանդարտ դիրքերը:
Ընդմիջումից հետո Բրազիլիայի թիմն ավելի վտանգավոր էր գրոհում, սակայն 5 պաշտպաններով խաղացող հոլանդացիների պաշտպանությունը ճեղքելը չափազանց բարդ էր: Լուի վան Գալի թիմը հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին, բայց բավական լավ էր գործում պաշտպանությունում: Բրազիլացիների խաղն առջեւի գծում չուժեղացրին նաեւ փոխարինումները, թեեւ խաղի վերջնամասն անցավ հոլանդացիների դարպասի մոտ: Հակագրոհներից մեկի արդյունքում Ժորժինյո Վեյնալդումը երրորդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին:
Հոլանդիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հատկանշական է, որ Հոլանդիան դարձավ առաջին հավաքականը, որի կազմում հայտավորված բոլոր՝ 23 ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան ԱԱ-2014-ում:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Բրազիլիան 1:7 հաշվով պարտվել էր գերմանացիներին, իսկ Հոլանդիան հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Արգենտինային: Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում:
ԱԱ-2014, երրորդ տեղի խաղ
Բրազիլիա – Հոլանդիա՝ 0:3
Ռոբին վան Պերսի, 3, Դելայ Բլինդ, 17, Ժորժինյո Վեյնալդում, 90+1
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Տիագո Սիլվա, Դավիդ Լուիս, Մաքսվել, Լուիս Գուստավո (Ֆերնանդինյո, 46), Պաուլինյո (Հերնանես, 57), Օսկար, Վիլիան, Ռամիրես (Հալկ, 73), Ժո:
Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն (Միշել Վորմ, 90+3), Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ (Դարիլ Յանմատ, 70), Յորդի Կլասի, Ժորժինյո Վեյնալդում, Դիրկ Կայտ, Ջոնաթան դե Գուզման, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։