«Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիայի չեմպիոն

20:06   13 մայիսի, 2012

«Մանչեսթեր Սիթին» 44 տարվա ընդմիջումից հետո հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն:

Պրեմյեր լիգայի վերջին տուրում Ռոբերտո Մանչինիի թիմը 3:2 հաշվով հաղթեց Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»: Ընդ որում՝ մինչեւ հանդիպման 91-րդ րոպեն մանչեսթերցիները պարտվում էին 1:2 հաշվով:

Խաղի 39-րդ րոպեին արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետան առաջ մղեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն ընդմիջումից անմիջապես հետո «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» ֆրանսիացի հարձակվող Ջիբրիլ Սիսիեն հավասարեցրեց հաշիվը: 55-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Ջոուի Բարտոնը, իսկ 66-րդ րոպեին շոտլանդացի Ջեյմի Մեկին առաջ մղեց «Քուինզ Պարկ Ռեյնջեսին»: Թվում էր, թե «Մանչեսթեր Սիթին» կզրկվի այդքան մոտ թվացող չեմպիոնական տիտղոսից, սակայն հանդիպման վերջնամասում դաշտի տերերը երկու գոլ խփեցին՝ պատմության մեջ երրորդ անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն: Լրացուցիչ ժամանակում մեկական անգամ աչքի ընկան Էդին Ջեկոն ու Սերխիո Ագուերոն:

«Մանչեսթեր Յունայթեդն» Ուեյն Ռունիի խփած գոլի շնորհիվ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:

«Սիթին» ու «Յունայթեդը» վաստակեցին 89-ական միավոր, սակայն Ռոբերտո Մանչինիի թիմը չեմպիոն հռչակվեց խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ:

Չնայած ցավալի պարտությանը, «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» զբաղեցրեց 17-րդ տեղը եւ հնարավորություն ստացավ հաջորդ մրցաշրջանում եւս հանդես գալ Պրեմյեր լիգայում:

Անգլիայի առաջնություն. 38-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Քուինզ Պարկ Ռեյնջերս»՝ 3:2

Սաբալետա, 39, Ջեկո, 90+1, Ագուերո, 90+2 – Սիսե, 48, Մեկի, 66

Հեռացում՝ Բարտոն, 55 (ՔՊՌ)

«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1

Ռունի, 20


 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։