Բեռնար Շալանդ. Էդգար Մանուչարյանը պետք է խաղա համարձակ եւ տղամարդկային ֆուտբոլ

12:02   18 ապրիլի, 2014

Էդգար Մանուչարյանի որակները կարող են պետքական լինել Հայաստանի հավաքականին, ասել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով օրեր առաջ եղել էր Ռուսաստանում՝ հետեւելու հայ ֆուտբոլիստների խաղին: Շվեյցարացի մասնագետը պատմել է Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանի խաղից ստացած տպավորությունների մասին:

«Ես չէի ուզում որեւէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսեւորել իրենց լավագույն որակները: Բայց քանի որ անպայման ուզում եք որեւէ մեկին առանձնացնեմ, կասեմ Էդգար Մանուչարյանի մասին, մանավանդ գիտեմ, որ նա հետաքրքրում է հավաքականի երկրպագուներին:

Էդգար Մանուչարյանը, իսկապես, տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, ունի շատ լավ տվյալներ, որոնք նրան տրված են բնությունից եւ շատ պետքական կարող է լինել հավաքականին: Էդգար Մանուչարյանը պետք է կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, պետք է ֆուտբոլային մտածողություն ձեռք բերի, պետք է չվախենա ֆուտբոլից եւ համարձակ, տղամարդկային ֆուտբոլ խաղա: Հայերով սիրում ե՞նք չէ, այս խոսքը: Պետք է ամբողջ դաշտում խաղա եւ պետք է հասկանա այսօրվա ֆուտբոլի պահանջները: Ես զրուցել եմ նրա հետ: Նա պետք է նվիրված ու քրտնաջան աշխատի, եւ այդ ժամանակ արդյունքներ կլինեն»,- Շալանդի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։