Էդգար Մանուչարյան. Ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ

16:55   24 մարտի, 2014

Ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ: Վստահ եմ, որ եթե լավ հանդես գամ, կստանամ հրավեր: Շատ եմ ցանկանում օգուտ տալ հավաքականին: Կես տարուց ավելի է, ինչ չեմ խաղացել հավաքականի կազմում: Շատ եմ կարոտել:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը։

Էդգար, ձմռանը «Ուրալը» քեզ հանեց տրանսֆերի: Բայց կրկին վերադարձար թիմ: Ինչի՞ հետ էր դա կապված:

Նրանք ինձ հանել էին տրանսֆերի: Ես էլ մարզավիճակս պահպանելու համար մեկնեցի Հոլանդիա, որպեսզի աշխատեմ մարզիչիս հետ: Երբ վերադարձա Եկատերինբուրգ, մի քանի առաջարկ ստացա, բայց չէի ցանկանում շտապել, քանի որ մինչեւ մայիս պայմանագիր ունեմ «Ուրալի» հետ: Սկսեցի մարզվել այնտեղ, ապա հիմնական թիմում խաղալու հրավեր ստացա: Առաջին խաղերից հետո ակումբի ղեկավարությունը գոհ է ինձնից: 

Իսկ ո՞ր թիմերի կողմից էր հետաքրքրությունը: 

Այս պահին իմաստ չկա անուններ ասել: Մինչեւ մայիս հանդես կգամ «Ուրալում», հետո արդեն կմտածեմ:

Լուրեր էին պտտվում, որ մեկնել էիր Հոլանդիա թիմ փնտրելու համար:

Ոչ, մեկնել էի մարզվելու համար: Այնտեղ դժվար է թիմ գտնել: Չունեմ հոլանդական անձնագիր: Ցանկանում էի պահպանել մարզավիճակս: 

Հնարավո՞ր է մայիսից հետո երկարաձգես պայմանագիրդ «Ուրալի» հետ:

«Ուրալում» ինձ չվստահեցին: Ես բաց թողեցի ձմեռային երեք հավաքները, եւ դա, իհարկե, ազդեց իմ մարզավիճակի եւ հոգեվիճակի վրա: Բայց ես չընկճվեցի: Օրը երեք անգամ մարզվում էի: Չեմ գտնում, որ այժմ օպտիմալ մարզավիճակում եմ: Աշխատելու տեղ ունեմ: Բայց այն ինձ հնարավորություն է տալիս հանդես գալ հիմնական կազմում:

Էդգար, այնպես ստացվեց, որ քո խփած կարեւոր երկու գնդակները «Թերեկի» հետ խաղում ստացվեցին անմիջապես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո, թե «ով է Էդգար Մանուչարյանը», եւ որ ինքը «չի հավատում քո վերադառնալուն հավաքական»: Դա պատասխա՞ն էր: 

Ոչ: Ես առաջին հերթին ինքս ինձ եմ ուզում ապացուցել, որ դեռ կարող եմ բարձր մակադակով հանդես գալ: Ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ: Վստահ եմ, որ եթե լավ հանդես գամ, կստանամ հրավեր: Շատ եմ ցանկանում օգուտ տալ հավաքականին: Կես տարուց ավելի է, ինչ չեմ խաղացել հավաքականի կազմում: Շատ եմ կարոտել: Իհարկե, խոսում եմ տղաների հետ: Իմ երազանքն է կրկին խաղալ մեր ազգային հավաքականում եւ օգուտ բերել:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։