Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը երբեք հրաշքներ չի գործել ընկերական խաղերում

16:56   7 մարտի, 2014

Առաջին հերթին պետք է ասեմ, որ Հայաստանի հավաքականը երբեք հրաշքներ չի գործել ընկերական խաղերում։ 2012-ի ամռանը հավաքականը հաղթեց միայն Լիտվային։ Եւ դա երեք պարտության եւ Լյուքսեմբուրգի հետ ոչ ոքիի դեպքում, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Cпорт-Экспресс-ի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը, ով ներկա էր Ռուսաստանի – Հայաստան ընկերական հանդիպմանը։

«Ռուսաստանի հետ խաղում երեւում էր, որ հավաքականների ֆուտբոլիստները տարբեր մարզավիճակներում են գտնվում։ Քննադատության արժանի չէր միայն Յուրա Մովսիսյանը, ով կատարեց մեծ աշխատանք, սակայն մնաց առանց թիմակիցների օգնության։ Հենրիխ Մխիթարյանը հանդես եկավ երկու խաղային դիրքերում, սակայն չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները ո՛չ հենակետայինի, ո՛չ էլ փլեյմեյքերի դիրքում, որը իր հիմնական պարտականություններից բացի պետք է պատասխանատու լիներ նաեւ աջ եզրի համար։

Ամբողջ պաշտպանության գծում լավագույնն էր Հարոյանը, սակայն նա նույնպես, եթե ցանկանում է շնորհալի ֆուտբոլիստից դառնալ վարպետ, պետք է չդադարի աշխատել եւ կատարելագործվել։ Հույս ունենանք, որ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ե՛ւ նրան, ե՛ւ նրա թիմակիցներին կհաջողվի դա անել»,- ասել է Պետրոսյանը։

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։