Երկար տարիների ընդմիջումից հետո ապրիլի 29-ին տեղի ունեցավ գնդակային հրաձգության Հայաստանի վետերանների առաջնությունը: Այն նվիրված էր լեգենդար մարզուհի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին, խաղարկվեց ֆեդերացիայի նախագահի գավաթը:
Մրցումը կազմակերպել էր Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Կարող էին մասնակցել 45 եւ բարձր տարիքի հրաձիգները, ովքեր 10 տարուց ավելի չեն զբաղվել հրաձգությամբ: Հայտավորված էր 62 վետերան, սակայն առողջական վիճակից ելնելով մասնակցեց 45-ը: Վետերանները` որպես հուշ, ստորագրեցին մրցման խորհրդանիշ-պատկերի վրա: Ցուցադրվեց ֆիլմ` նվիրված Զ. Սիմոնյանին:
Վետերանների առաջնությունն ի սկզբանե նվիրված էր աշխարհի քառակի, Եվրոպայի տասնվեցակի, Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն, Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշ, լեգենդար մարզուհի Զ. Սիմոնյանին: Առաջնության նպատակն էր համախմբել նրա բոլոր ընկերներին: Զ.Սիմոնյանն անձամբ մասնակցում էր մրցման նախապատրաստական աշխատաննքներին, ցավոք, անժամանակ կյանքից հեռացավ:
Երկար տարիներ անց հայ հրաձիգները հանդիպեցին, եւ հուզմունքը զսպելով ողջագուրվեցին հին ընկերները: Վետերանների առաջնությունը նման էր օլիմպիական խաղերին, կարեւորը ոչ թե հաղթանակն էր, այլ մասնակցությունը:
Հաղթողներ ճանաչվեցին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի առաջնության գավաթակիր Պետրոս Առաքելյանը (օդամղիչ ատրճանակ 10մ), Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ ռեկորդակիր Աշոտ Մկրտչյանը (օդամղիչ հրացան 10մ) եւ ԽՍՀՄ չեմպիոն Գագիկ Մելոյանը (շարժական թիրախ 10մ):
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։