104-ամյա բրիտանուհին դարձել է ամենատարեց պարապլաներիստը

10:21   30 ապրիլի, 2012

Մեծ Բրիտանիայից 104-ամյա Փեգգի Մաքալփինը պարապլանով ցատկ է կատարել` դառնալով մոլորակի ամենատարեց բնակիչը, ով համարձակվել է նման ցատկի դիմել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, թոշակառուն, որը վերջին ժամանակներս տեղաշարժվում էր բացառապես հաշմանդամի սայլակով, ցատկն իրագործել է Կիպրոսի հյուսիսում գտնվող ժայռերից մեկի վրայից` շուրջ 730մ բարձրությունից: Նրան ուղեկցել է հրահանգիչը:

Մաքալփինի համար ռեկորդը 5 տարվա մեջ երկրորդն է դարձել: Օդ բարձրանալ երկարակյաց կինը որոշել էր այն բանից հետո, երբ նախորդ տարի Գինեսի ռեկորդների գրքից նրանից առաջ էր անցել ամերիկյան Յուտա նահանգի 101-ամյա բնակչուհին:  Այժմ Մաքալփինը Գինեսի ռեկորդների գրքի  ներկայացուցիչներից սպասում է նոր ռեկորդի պաշտոնական հաստատմանը:

«Ես վայելում էի յուրաքանչյուր րոպեն: Դա ավելի լավ էր, քան նախորդ անգամ: Ես, հաստատ,  դա մեկ անգամ եւս կանեի, հատկապես եթե ինչ-որ մեկն էլի գերազանցի իմ ռեկորդը», - լրագրողներին պատմել է մարզուհին:

Ըստ Մաքալփինի` ինքը բարձրությունն սկսել է սիրել դեռեւս  դեռահաս տարիքում, երբ 1920-ականների վերջին օդ է բարձրացել առաջին ուղեւորատար ինքնաթիռներից մեկով: Սպորտի էքստրեմալ տեսակների հետ առաջին ծանոթությունը տեղի է ունեցել, երբ ռեկորդակրուհին 80 տարեկան է եղել: Այն ժամանակ թոռները նրան համոզել էին թռչել  «տարզանկայից» Էսեքսի  շուկայի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։