Սարգիս Հովսեփյանը՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

15:24   30 դեկտեմբերի, 2013

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ:

«Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել «Փյունիկում»: Շնորհակալ եմ ղեկավարությանը՝ նման վստահության համար: Ես երկար տարիներ պաշտպանել եմ իմ հարազատ ակումբի պատիվը՝ որպես ֆուտբոլիստ, այժմ կատարելու եմ գլխավոր մարզիչի պարտականությունները: Ինչպիսի նվիրումով ես խաղացել եմ «Փյունիկում» եւ ազգային հավաքականում, այնպես էլ աշխատելու եմ որպես մարզիչ:

Ճիշտ է, հիմա «Փյունիկն» իր համար անսովոր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, սակայն միասնական ուժերով մենք կփորձենք դուրս գալ առաջատար դիրքեր: Դրա համար ակումբն ունի համապատասխան ներուժ:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել մեր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծննունդը: Ցանկանում եմ առողջություն եւ խաղաղություն, իսկ մեր հայկական ֆուտբոլին հաղթանակներ միջազգային ասպարեզում, ֆուտբոլիստներին՝ առանց վնասվածքների ելույթներ»,- Սարգիս Հովսեփյանի խոսքը մեջբերում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:

Հայաստանի Բարձրագույն խմբում «Փյունիկը» 14 խաղից հետո 17 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Սարգիս Հովսեփյանը 132 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։